Այսօր նախագահն ընդունել է ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը, ՕԵԿ պատվիրակությանը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ և ՀՀՇ պատվիրակությանը՝ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ: Վերջին քաղաքական զարգացումներից հետո սա նախագահի առաջին հանդիպումն է ԲՀԿ լիդերների հետ, իսկ Արթուր Բաղդասարյանի՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց և ՕԵԿ-ի փաստացի ընդդիմություն դառնալուց հետո առաջին անգամ են հանդիպում նախագահին: ՀՀՇ պատվիրակությունը փաստացի երկար տարիների դադարից հետո ևս հնարավորություն է ստանում հանդիպել երկրի ղեկավարին:
Մեծ առումով շատ կարևոր է, որ երկրի ընդդիմադիր ուժերը նախագահի հետ հանդիպումների ձևաչափով են ներկայացնում իրենց դժգոհություններն ու քննադատությունները, և այս ձևաչափը հնարավորություն կտա առավել առողջ քաղաքական մթնոլորտ ունենալ Հայաստանում: Պրակտիկան ցույց է տալիս, որ այս ձևաչափն ավելի արդյունավետ է տարբեր հակասություններն ու խնդիրները լուծելու համար, քան միտինգների և փողոցային ակցիաների մեթոդը:
Վերջապես Հայաստանում ձևավորվում է քաղաքական նոր մթնոլորտ, ինչի համար բոլոր քաղաքական ուժերը պետք է շնորհակալ լինեն ՀՀ նախագահին, ով համբերատար և նպատակասլաց ձևով կարողացավ ձևավորել նոր քաղաքական իրավիճակ: Վստահ եմ՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմադիր ուժերի և առավել ևս հասարակության համար այս նոր ձևաչափը լինելու է առավել արդյունավետ:
Հ.Գ. Ո՞վ է ասել, որ ընդդիմությունը չպետք է քննադատի, չպետք է ներկայացնի իշխանության թերություններն ու բացթողումները, և ո՞վ է ասել, որ ընդդիմությունն առավել քիչ է սիրում Հայաստանը, քան իշխանության ներկայացուցիչները, բայց այս ճանապարհն առավել քաղաքակիրթ է, առավել արդյունավետ, և այս պրակտիկայով իշխանության և ընդդիմության մրցակցային պայմաններում առավել հեշտ է լինելու լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/774370529298691?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել