ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է՝ իր վրա վերցնելով Ծառուկյանին պաշտպանելու առաքելությունը: Թե ումի՞ց կամ ինչո՞ւ է նա պաշտպանական գործառույթներ ստանձնել, պարզ չէ, միգուցե իր շնորհակալությունն է հայտնում Ծառուկյանին՝ տևական ժամանակ իրեն ֆինանսավորելու ու «դրսում չթողելու» համար:
Իսագուլյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «ամենածանր պահին Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆին Ծառուկյանին մենակ են թողել»: Թերևս սրանով Իսագուլյանը նաև ընդգծում է իր «նվիրվածությունն ու սկզբունքայնությունը», ով այսքան պատմություններից հետո ևս մեծ առաքելություն է ստանձնել:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի միայնությանը, ապա Ծառուկյանը միայնակ էր ի սկզբանե: Ինչի ո՞ւմ համար էր անակնկալ Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆու վարքագիծը, ինչի ո՞վ չգիտեր, որ օրը մեջ Ծառուկյանի հետ հանդիպողները քաղաքական դաշտում գրեթե զրոյական դերակատարություն ունեցող դեմքեր և ուժեր էին: Այս մասին երևի թե միայն Ծառուկյանը չգիտեր, ով գնում էր մի ճանապարհով, որը ոչ մի լավ բան նրան ու նրա կողմնակիցներին չէր խոստանում:
Ու այստեղ հարցը նրանում չէր, թե մայդան կլինի, թե մեկ այլ իրադարձություն, խնդիրը նրանում էր, որ Ծառուկյանն ինքը լավ չէր պատկերացնում, թե ուր է գնում, և ինչ է դա իրեն տալու:
Եթե ամեն թափթուկ իրեն մամուլի ակումբ է նետում կամ մի քանի լրատվամիջոցի ինտերվյու տալիս և խոսում «վեհ գաղափարներից», դա դեռ չի նշանակում, որ կարելի է ցանկությունները որպես իրականություն ընդունել:
Այս պատմության մեջ իրական «քցվածը» Ծառուկյանն է, ում «քցեցին» որպես «համախոհներ» ու «խորհրդատուներ» ներկայացողները: