Երեկվա տոնախմբական երեկոյան միջոցառումները մի ավելորդ անգամ ահազանգեցին մեր բոլոր ճշմարիտ ուղենիշների, գլխավորագույն արժեքների և հայ մարդու լինելիության համար կարևոր մի շարք անհրաժեշտությունների, կարծես, անվերադարձ կորստյան մասին: Ամենուր անհասկանալի աղմուկ-աղաղակ, բոլոր կենտրոնական “հարթակներից” կարծես առաջինը մարդկանց խլացնելու նպատակով միմյանց հետ մրցող տարանուն խմբեր, սնապարծ գոռում գոչյուններ, դատարկ խոսակցություններ և ամենուր ճաշակի և չափի զգացման իսպառ բացակայություն: Գլխավոր հրապարակի գլխավոր միջոցառման մասին ավելի լավ է չխոսենք, քանզի վերջին տասնամյակների բոլոր միջոցառումների նման այս մեկը ևս, ճիշտ և ճիշտ “Դորյան Գրեյի դիմանկարի” նման մեզ մի ավելորդ անգամ մատնացույց արեց մեր հոգևոր-բարոյական սնանկության, մեր ինքնության կորուստի, ինքներս մեր էությանը դավաճանելու մասին: Այս առումով, ամենասարսափելին ազգիս գլխավոր հրապարակում տիրող բացարձակ ներդաշնակությունն էր համերգատուների և անխտիր բոլոր ներկաների, հանդիսատեսների միջև, այսինքն, այլ համերգ կարծես չէր էլ կարող լինել, ամեն բան ճիշտ ու ճշմարիտ էր, և զարմանալու ոչինչ չկա այստեղ: Եթե քննախույզ մի հայացք նետենք մեր քաղաքի առօրյային, ապա մեծ երևակայություն հարկավոր չէ գործածել, տեսնելու համար, որ նրա առօրյա կյանքը նույնքան զարհուրելի է:
Օրվա որ ժամին ուզես, զուգված և զարդարված, անհոգությունից, պարապությունից ու անբանությունից հոգնած և երեկոյան խրախճանքներին նախապատրաստվող մարդկանցով լեցուն մի վայր, ցոփ ու շվայտ վայելքների մի հանգրվան է հիշեցնում մեր քաղաքը: Գրեթե ամենօրյա տոնախմբություններ, հրավառություններ, իրենց ուժգնությամբ մարդ խլացնող, ինքնահաստատման բոլոր սահմանները գերազանցող, և անճաշակությամբ նմանները չունեցող երաժշտություն, նույնանման հոգևոր ու մարմնավոր “չպլախությամբ” աչք ծակող միջոցառումներ, “առօրյա կյանքից հոգնածի”-ի դեմքերով, թանկարժեք հանդերձներ հագած այցելուներով լեցուն կաֆեներ և ռեստորաններ, հյուրատներ, գլամուրային ակումբներ, երիտասարդությանը ապականության մղող գիշերային “կլուբներ” և այլն և այլն: Ճիշտ և ճիշտ Սոդոմ-Գոմորը հիշեցնող մի պատկեր:
Ականջդ կանչի Է. Հեմինգուեյ: Ողջ լիներ ու տեսներ: “Տոն, որ միշտ քեզ հետ է”: Իր Փարիզյան կյանքը նկարագրող վեպը կպատռեր ու աղբանոց կնետեր և կգրեր նորը` Երևանի մասին…