Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի քայլերն իրոք գիտակցող քաղաքացու համար Ծառուկյանի ֆիասկոն պետք է ուղղակի ցավալի լիներ: Եթե մի կողմ դնենք անարժեք քննադատություններ գրողներին և ինքնաբավ հումորիստներին ու ռեալ նայենք ստեղծված իրավիճակին, ապա ակնհայտ է, որ ամենամեծ հարվածն այս ամենից կրկին ստացավ անապահով խավը: Այս պահին զերծ կմնամ որևէ քաղաքական վերլուծություն անելուց, հաստատ դրա պակասն այս օրերին չի զգացվում, ուղղակի ապագայի հետ կապված մի քանի մտորում ներկայացնեմ: Անկախ ամենից՝ շատ շուտով ականատես կլինենք մի շարք հիմնարկություններում մասնագետների և աշխատակազմի կտրուկ նվազմանը: Շատ անվճար երթուղիների, ուսանողների ուսման վարձերի մուծումների, բազմաթիվ միջոցառումների հովանավորության, բազմաթիվ գյուղական տնտեսություններին օգնության ու շատ ու շատ նման ֆինանսական օգնությունների իսպառ դադարեցումից հետո անապահով ու միջին խավի շատ ներկայացուցիչներ սեփական մաշկի վրա կզգան այս օրերի ընթացքում տեղի ունեցածի ողջ ծանրությունը:
Վստահ եմ, որ շատերս հոգու խորքում թեկուզ թերհավատորեն էինք վերաբերվում քաղաքական զարգացումների արդյունքում դրական փոփոխություններին, բայց հույս ունեինք, որ ինչ-որ փոփոխություն կարող է լինել: Եվ այդ հույսն ամենառեալն էր 2008 թ-ի ազգային զարթոնքից հետո: Բայց եղավ այն, ինչ եղավ: Եվ հիմա չարախնդալու առիթ ուղղակի չեմ տեսնում, որովհետև այդ հույսն էլ ի չիք դարձավ, և բոլորս դատապարտված ենք դեռ երկար «վայելելու» այն իրականությունը, որում ապրում ենք երկար տարիներ: Հիմա դուխով անեկդոտներ պատմեք ու հրճվեք, վաղն առավոտյան կրկին արթնանալու ենք ապահով, շքեղ ու կուշտ Հայաստանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/766412966773585?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել