«Մի անգամ Ամերիկայում»-ը հանդիսանում է ժամանակակից կինեմատոգրաֆիայի իսկական դասական, ու եթե Դուք մինչ օրս ինչ-ինչ պատճառներով դեռ չեք դիտել այն, ապա Դուք շատ բան եք բաց թողել, քանզի դրանում կա ամեն ինչ՝ ցանկացած տիպի հանդիսատեսի զարմացնելու համար։
Ֆիլմում առկա է խճճված ու տեղ-տեղ լրիվ անսպասելի սյուժե, որի վերջաբանն առհասարակ անսպասելի կլինի Ձեզ համար, ու Դուք կապշեք, թե ինչ աստիճանի ցածր կարող է լինել մարդկային դավաճանությունը։ Նման կինոնկարները հերթական անգամ ապացուցում են, որ փողը կարող է փչացնել ամեն ինչ և նույնիսկ լավագույն ընկերությունը։
Ֆիլմի հերոսները ճանաչում են իրար մանկությունից, մեծանում են իրար հետ, կնոջ մարմինն են ճանաչում իրար հետ, միասին կողոպտում են ու միասին էլ հիմնում են իրենց բիզնեսը՝ սպանելով տարբեր մաֆիոզիների։ Նրանք անորսալի քառյակի անդամներն էին, ովքեր այն աստիճան հանդուգն էին, որ կարող էին հենց կողոպուտի ժամանակ թույլ տալ սեքսով զբաղվել կողոպուտի վայրում գտնվող կնոջ հետ։ Սա հանդուգն է նաև ժամանակի համար, որովհետև այդ տարիներին սովորաբար նման բաներ չէին ցուցադրում։
Ֆիլմի եզրափակիչ տեսարանը պարզապես ցնցող է։ Ցնցող է թե՛ հոյակապ դերասանական խաղով, թե՛ այն բարդ դիլեմայի իդեալական ներկայացման համար, որում հայտնվում է Ռոբերտ Դե Նիրոյի հերոսը։ Այս ֆիլմը պարզապես հրաշալի է, եթե Դուք ֆիլմում ուզում եք տեսնել փայլուն դերասանական խաղ, լարված ու անկանխատեսելի սյուժե, քրեական դրամա ու մարդկային բարդ ու խճճված պատմություն։
Ռոբերտ Դե Նիրոյի դերասանական խաղն այս կինոնկարում առանձին խոսքի է արժանի, իսկ ֆիլմի վերջին վայրկյաններին նրա դիմախաղը ոսկե տառերով է մտել կինոյի պատմության մեջ։ Մեզ համար կարող է անսովոր թվալ, բայց այդ թվականներին այս մեծանուն դերասանին առավելապես հենց գանգստերների դերեր էին վստահում։ Փայլուն են նաև նրա ընկերներին մարմնավորող դերասանները, իսկ այս ամենին հրաշալի կոլորիտ ու ինքնատիպություն է հաղորդում հանճարեղ Էնիո Մարիկոնեի երաժշտությունը։



