Այն, ինչ այսօր կատարվել է «Երևան Մոլ»-ում, կատարվում է շատ հաճախ ՀՀ Կառավարության նիստերում և Համայնքների ավագանիների նիստերում: Հիմքում ընկած է հետևյալը. կառավարությունը (կամ համայնքը) հաճախ «զեղչով» (իրականում՝ իրական արժեքից ցածր, երբեմն էլ՝ շա՜՜՜՜՜տ ցածր գնով) գույք, տարածք... վաճառել, որպես կանոն նախապես համաձայնեցված է լինում գնորդի/գնորդների հետ և, շատ նեղ շրջանակներում իրազեկում անելով՝ վաճառքն իրականացվում է շատ արագ: Օրինակ, տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը պետք է թանկացներ վաճառվող հողի արաժեքը: Որոշումն ընդունելու նախորդ օրը նույնիսկ՝ գիշերը ցածր գներով հողերը վաճառվեցին մերձավորներից ահագին թվով մարդկանց, իսկ հաջորդ օրը հայտարարվեց թանկացման մասին: Կարող եք հետաքրքրվել, թե ովքեր են գնել քաղաքապետարանից էժան գնով վաճառված հողերը ընդամենը մոտ տաս տարի առաջ և ինչ գներով, այդ թվում՝ վաճառքի ժամկետները: Կտեսնեք, որ մի օրում հարյուրավոր կտորներով հողեր են վաճառվել ամենաէժան գներով, իսկ գնորդների մեծ մասը մեզ բոլորիս շա՜տ հայտնի մարդիկ են: Մի գիշերվա մեջ... Ինչո՞վ նման չի Երևան Մոլի զեղչած ապրանքը գնելու ցանկություն ունեցող մարդկանց գրոհին: Ավելորդ չեմ համարում կրկնել՝ ամեն եղկելին, որ տեղի է ունենում հանրության մեջ, ծնվում և կատարվում է նախ և առաջ իշխանության շրջանակներում և ապա պատճենվում հասարակական ավելի ցածր շերտերում: Եթե իշխանությունը թալանում է, անխուսափելիորեն պիտի թալանի բնակչությունը: Զուսպ և օրինավոր իշխանությունների պարագայում զուսպ և օրինավոր է նաև հասարակությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/454279144724367?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել