Այսօր փետրվարի 18-ն է՝ վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձը: Երկու հետընտրական տարիները, որոնք առանց վարանելու կարելի է մսխված համարել մեր երկրի համար, արդեն պատմություն են: Պատմություն՝ լի անկումներով, դառնությամբ ու հիասթափությամբ:

«Առաջ»-ի և «հետո»-ի ջրբաժանը մեծացավ ևս մեկ տարով: Հասանք այն հանգրվանին, որին պիտի հասցներ ապօրինի, ընտրագող վարչախմբի վերարտադրության տրամաբանական ընթացքը: Անցած երկու տարիներն ակներևաբար վկայում են՝ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, և օրախնդիրն այլևս եկող սերունդների ապագան փրկելն է: Իսկ փրկողը միայն ժողովուրդն է լինելու, քաղաքացիական հավաքականությունը, մեր երիտասարդ հերթափոխը՝ միասնաբար: Հին ու նոր «փրկիչների» մասին խոսակցությունները, որ մեկընդմեկ աշխուժանում են, առասպելի ժանրից են:

Ոմանք թերևս կհիշեն՝ ժամանակին մենք զգուշացնում էինք, որ միջազգային հարաբերություններում «վասալային» փոխգործակցության աշխատաոճը Հայաստանին նվաստացուցիչ վիճակի մեջ կդնի և, ի վերջո, կունենա աղետալի հետևանքներ: Գյումրեցի Ավետիսյանների ընտանեկան ողբերգությունը՝ հարուցելով հանդերձ մեր ընդհանուր վիշտն ու ընդվզումը, հաստատեց այս ճշմարտությունը: Եվ շատերի դիմակը պատռեց նաև:

Մեկ այլ փաստ. կար ժամանակ, երբ «Ժառանգությունը» աջից-ձախից հարվածներ էր ստանում, ենթարկվում անգամ այսօրվանից առավել հուժկու հալածանքների: Եվ մենք պնդում էինք, որ իշխանությունը «գտել է» քաղաքականապես «ակտիվ» անձանց շարքից հանելու մի ուրույն «մեթոդ», որը հետզհետե հասցնելով կատարելության, կշարունակի օգտագործել իբրև վախի մթնոլորտը խտացնելու կամ, որ նույնն է, սեփական աթոռը մի փոքր էլ անսասան պահելու փորձված գործիք: Ազատամարտիկների, ինչպես նաև շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերջին բռնարարքները, որոնց գագաթնակետը եղավ բերձորյան ծեծուջարդը, ինքնին խոսուն են: Շանթ Հարությունյանի ու ընկերների, Վարդան Պետրոսյանի և էլի ուրիշների դատական գործերն ու ձերբակալությունները՝ նմանապես:

Այս կամ այն չափով իրականացված կանխատեսումների շղթան կարելի է երկար շարունակել, բայց դրա կարիքը չկա, որովհետև ապացուցելին վաղուց ապացուցված է, և բոլորն ամեն ինչ գիտեն: Աղճատված իրականության մեջ, ինչպիսին մերն է, միշտ օրենքին փոխարինում է բռնատիրությունը, պետական շահին՝ նյութապաշտությունը, պատվին՝ փողը, հպարտությանը՝ քծնանքը, խղճին՝ դաժանությունը, արդար դատին՝ հաշվեհարդարը, հավատին՝ խարդավանքը և կարգուկանոնին՝ ամենաթողությունը:

Արդ, Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցին ընդառաջ և 2013-ի փետրվարյան ընտրություններից հետո անցած երկու տարում ունենք այն, ինչ ունենք. միջազգային հարթակում մեկուսացված երկիր, չճանաչված Արցախի հարցում աննախադեպ հետընթաց և մեր հպարտություն-զինվորների աններելի սպանությունների, մահացու ելքով սահմանային միջադեպերի հաճախացում, քայքայված տնտեսություն, նորովի ահագնացած արտագաղթ, գործող «նախագահի», «կառավարության», ինչպեսև «Ազգային ժողովում» «իշխանական մեծամասնության» ձեռամբ ու «բարձր հովանու ներքո» հակաժողովրդական օրենքների անցկացում, դատաիրավական կամայականությունների սաստկացում և արհամարհանք Հանրապետության քաղաքացիների արդար պահանջի ու ազատ կամարտահայտման հանդեպ:

Իսկ ո՞րն է ելքը: Ահա և ամենահանգուցային մարտակոչը, որի պատասխանը պետք է որոնել միասին: «Ժառանգությունը» քանիցս հայտարարել է, որ իր գերագույն նպատակը սահմանադրական ընտրությունների միջոցով պետական իրավակարգի իշխանության ձևավորումն է, ազգային ինքնիշխան շահի գիտակցումն ու հետապնդումը:

Դրա համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, սա արդեն մարտավարական լրջագույն խնդիր է, որը կուսակցապետությանը կստիպի հրաժարվել ընտրակեղծարարությունից՝ արդյունքում հիմնելով քաղաքացիների կամքն իրապես արտացոլող ընտրությունների ինստիտուտ: Այսինքն՝ խնդիրը, որը միակ ելակետայինն է, արժանապատի՛վ ընտրությունների, ուստի և՝ քաղաքացիական կյանքի ապահովումն է:

Միասնական օրակարգով և միացյալ հրապարակով:

Պայքարն ընթացքի մեջ է և՝ տևական: Հաղթանակն էլ առջևում է և՝ անխուսափելի:

18 փետրվարի 2015
Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել