«Տենց մի արեք, թե չէ թուրքը կտեսնի, կուրախանա» արտահայտությունն ինձ համար հավասարազոր է «Մորս արև, ինձ մի ծեծեք» արտահայտությանը: Նման արտահայտության հետևում թաքնվող ղզիկ-գերինտելեկտուալները պատրա՞ստ են արդյոք այնպիսի քայլեր անել, որ թուրքը ոչ թե ուրախանա, այլ սարսափի:
Ասենք, հնարավոր էր չէ՞ լրատվական պատերազմը մի փոքր գրագետ կազմակերպել։ Ինչի՞ է ինչ-որ մեկին թվում, որ հակառակորդ ճամբարին հայհոյելով` յուրայինների քանակն է ավելացնում:
Կամ պատրա՞ստ են նրանք արդյոք ազնիվ խաղի։
Պատրա՞ստ են անցնցում, քաղաքակիրթ փոփոխությունների։
Անցնող շաբաթը հիասթափության շաբաթ էր: Բանախոսների գերակշիռ մասին կարծես կերպարանափոխել էին: Մարդիկ դիմացինին հայհոյում էին այնպիսի մեղքերի համար, որոնք հենց իրենց հիմնական մեղքերն են: Ու այս ամենն ամենատաղանդավոր դերասանի լավագույնս կատարած դերից ավելի փայլուն կատարմամբ: Բոլորին թվում էր, որ հասարակությունը հիշողության կորուստ ունի, բայց իրականում հասարակությունը ողջամիտ էր և հետևում էր բացահայտ ծաղրածուների զվարճալի հիթ շքերթին:
Տա Աստված, որ առաջիկա օրերը ոչ թե շարունակվող հիասթափության, այլ վերածննդի օրեր դառնան: Ի վերջո, ցանկացած տրագիկոմեդիա պետք է ավարտ ունենա: Ավարտն էլ թող լինի այնպիսին, ինչին մենք արժանի ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել