Դե լավ, հիմա ծուռը նստենք ու շիտակ խոսենք՝ առանց վիրավորելու ու վիրավորվելու։ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հեղափոխության և ակնկալում է, որ կստանա ժողովրդի աջակցությունը։ Առաջին հայացքից խոստումնալից հայտարարություն, բայց հիմա խորանանք դետալների մեջ։ Ժողովուրդը մեծ հաշվով ինքնագլուխ հեղափոխություն չի կարող իրականացնել, իսկ ժողովրդին առաջնորդող քաղաքական ուժը պիտի անպայման ստանա դրսից աջակցություն։
Քաղաքական ուժը երկու իրական հենման կետ ունի՝ Արևմուտքը կամ Ռուսաստանը։ Ամենավերջին բանը, որում կարելի է մեղադրել Ծառուկյանին, արևմտամետությունն է, իսկ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի Սերժ Սարգսյանին չփոխարինելու համար, որովհետև ավելի փափուկ նախագահ Ռուսաստանի հանդեպ լինել չի կարող։ Սա, ինձ թվում է, անհերքելի փաստ է։ Ասեմ ավելին, քանի որ մենք գտնվում ենք առավելապես Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության ներքո, ապա հեղափոխության կամ այն կանխելու դերակատարը հենց պիտի լինի Ռուսաստանը։ Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանը, այս պարագայում, երբեք չի գնա Հայաստանում իշխանափոխության, ասեմ ավելին՝ ամեն ինչ կանի այն կանխելու համար։ Հիմա անցնենք հաջորդ ռեսուրսին՝ ժողովրդին, որի աջակցությունն է ակնկալում Ծառուկյանը։ Ծառուկյանը հենց ինքն էլ գիտի, թե վերջին հանրահավաքներին ժողովրդին ինչպես է բերել քաղաք և ինչքան գումարներ է վատնել։ Նա այնքան միամիտ է, որ մտածի, թե այդ մասսան, բացի գլխաքանակից, ինչ-որ օգուտ պիտի տա իրե՞ն։ Իհարկե, դա ֆանտազիայի ժանրից է։ Մի բան է 5-10000 դրամով մի քանի ժամ ֆոնի համար կանգնել հրապարակում, մի այլ բան է գնալ առճակատման իշխանությունների հետ՝ կանխազգալով, որ հետևանքները կարող են շատ տխուր լինել, ու անհաջողության դեպքում ոչ ոք պատասխանատվություն չկրի իրենց ճակատագրի համար։ Բնականաբար, կա նաև հասարակության մի զանգված, որը կոնկրետ սնվում է Ծառուկյանից և գոնե ձևական պիտի կանգնի նրա կողքին։ Ովքե՞ր են նրանք։ Կուսակից օլիգարխները, որոնցից շատ շատերն արագորեն կխզեն կապերը Ծառուկյանի հետ՝ սեփական բիզնեսներն անվտանգ գոտում պահելու համար։ Այն աբովյանցիներն ու Առինջի բնակիչները, որոնք դեռ շարունակում են Ծառուկյանին շփոթել թագավորի հետ, և որոնց տարիքը 60-ն անց է։ Կոնյակի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցները, որոնցից շատերն այդ օրն ամեն բան կանեն՝ անշառ գլուխները շառի տակ չդնելու համար։ ԲՀԿ-ական ֆեյսբուքյան թռչնակները, որոնց պայքարը սահմանափակվում է Ծառուկյանի ելույթը համացանցում տարածելով և անմիջապես դրանից հետո նոր սելֆիներ ներբեռնելով։ Եվ իհարկե, Ծառուկյանի թիկնապահների բանակը, որոնց նպատակը կլինի ոչ թե իշխանափոխությունը, այլ որ շեֆի մազը հանկարծ չծռվի։
Սա էլ կլինի ծառուկյանական հեղափոխության անշուք ֆիասկոն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել