2008 թվականի փետրվարն էր։ Ես մասնակցում էի Տեր-Պետրոսյանի հանրահավաքներից մեկին ու մինչև այսօր հիշում եմ նրա ճառը, որն այդ ժամանակ բեկումնային ազդեցություն ունեցավ ինձ համար, և այն ոգեշնչումն ու վստահության զգացումը, որը ես ապրեցի այդ պահին, կարող էր համեմատվել միայն այն դառը հիասթափվածության ու հուսալքության զգացման հետ, որ ես ապրեցի Մարրտի 1-ին, երբ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չմիացավ ժողովրդին...
Այդ օրը Տեր-Պետրոսյանը հանրահավաքի տրիբունից ներողություն խնդրեց և ապաշխարեց հավաքվածների առջև՝ ընդունելով իր պատասխանատվությունը ստեղծված կացության ու այն բանի համար, որ հենց ինքն էր ժամանակին քաղաքականություն ու իշխանության բերել այն մարդկանց, ում դեմ պայքարի էր դուրս եկել 2007 թվականին։ Այդ ժամանակ ես նրան հավատացի, ժողովուրդը հավատաց։ Իզուր, թե ոչ՝ այլ քննարկման թող մնա, ուղղակի կասեմ, որ ինձ համար բեկումնային էր այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես քաղաքական գործիչ, որպես առաջնորդ ու որպես երկրի նախագահ դառնալու հավակնություններ ունեցող մարդ, ընդունեց պատասխանատվությունը ոչ միայն լղոզված ապագայի ու հիպոթետիկ խոստումների համար, այլ նաև իր անցյալի ու իր անցյալ որոշումների համար...
Հիմա կարդում եմ Ծառուկյանի ելույթը, որտեղ տեսա ինչ ասես, բացի սեփական պատասխանատվությունն ընդունելուց, ու դա անձամբ ինձ համար արժեզրկում է ողջ ասվածը, որովհետև Ծառուկյանն այնքան քաջություն, համարձակություն ու գոնե խորամանկություն (կարդա՝ խելք) չունեցավ, որ գոնե ձևականորեն, գոնե այսրոպեական ասի, որ կոչելով այս իշխանություններին «Չարիքի իշխանություն»՝ ինքն ընդունում է, որ ինքն ունի իր ամենաանմիջական ու ծանրակշիռ մեղքը, որ հիմա ունենք այս իշխանություններին։ Թող ներողություն էլ չխնդրեր, այլ ուղղակի ակնարկեր, որ նույն 2008-ին ինքն իշխանական մեքենայի անքակտելի մասն էր, ով հսկայական դերակատարություն ունեցավ այս իշխանության կայացմանը ու հետո բոլ-բոլ ըմբոշխնեց դրա պտուղները՝ որպես կոալիցիայի անդամ։
Չի ընդունում, նշանակում է՝ կամ չի հասկանում, կամ էլ անկեղծ չէ։ Երկու դեպքում էլ ոչ մի լավ բան չկա, քանի որ անձամբ ես չեմ պատրաստվում իշխանափոխություն պահանջել չհասկացող կամ էլ առավել ևս՝ ստահակ մեկի համար։ Իմա՞ստը՝ մի զուլումը մյուսով փոխարինելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1536513439946978&set=a.1536515546613434.1073741827.100007650090885&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել