Չեմ կարող չարտահայտվել, քանի որ ողջ լրահոսը ողողված է բորբոքված, կրքոտ, բայց անտրամաբանական կոչերով, հասկանում եմ, որ շատ մեծ քանակությամբ ֆեյքեր կան, կրակի վրա յուղ են լցնում, որ թեժացնելով մթնոլորտը՝ իրենց առջև դրված առաջադրանքը կատարեն: Բայց դուք, հայեր, դուք է՞լ եք լծվել թշնամու ջրաղացին ջուր լցնելով։ Մի՞թե բանականությունը չի հուշում, որ ոչ ոք շահագրգիռ չի՝ մեր երկրում կայունություն ու խաղաղություն լինի, ռուսներն էլ, եթե իրենց ձեռ տար, այստեղ խժդժություններ կանեին, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահին մեր տարածաշրջանում կայունություն ցանկացող միակ երկիրը Ռուսաստանն է՝ հենց իր ստրատեգիական շահերից ելնելով, իր հարավն անվտանգ պահելու համար, իսկ հակառակ թիմը դրան խոչընդոտող ցանկացած քայլին գնացող է: Աբսուրդն այն է, որ հիմա մեր հասարակությանը փոխանակ առաջին հերթին հետաքրքրվի այս ահաբեկչության մոտիվներով, կենտրոնացել է երկրորդական խնդիրների վրա, ու դրանով փորձ է արվում հասարակության ուշադրությունը շեղել ամենակարևոր հարցից՝ ում էր ձեռնտու, ով է շահում ստեղծված իրադրությունից: Մինչև հիմա դեռ այս հանցագործությունը դիտում են որպես քրեական գործ, բայց այն իրականում քաղաքական հանցագործություն է, որովհետև միայն քաղաքականի դեպքում է ի հայտ գալիս մոտիվացիան՝ սրել հարաբերությունները, բորբոքված ժողովրդին դրդել երկրի ապակայունացմանը և պարտադրել ռուսական բազայի դուրսբերումը: Ըստ ինձ՝ ռուսների ներկայությունը ոչ թե մեզ պաշտպանելու կամ թուրքական բանակի դեմ կանգնելու խնդիր ունի, այլ զուտ այս տարածաշրջանում իր ներկայությամբ այլ զորքերի մուտքը կանխելը: Հիմա պատկերացրեք, որ ռուսական զորամասի դուրս գալուց հետո հայ-ադրբեջանական սահմանագծում ինտենսիվանում են սադրիչ գործողություններ, ստեղծվում է նախապատերազմական իրավիճակ, ի՞նչ պիտի ձեռնարկի միջազգային հանրությունը։ Իհարկե, խաղաղապահ զորք մտցնի, այսինքն՝ ՆԱՏՕ-ական բանակ, և «թարսի» պես տարածաշրջանում ամենամոտ և հզոր Նատօ-ական բանակը թուրքականն է, հիմա տեսաք, որ թուրքի բարեկամ ռսին հանելով՝ ինչի կհասնեք՝ հայկական հող հենց թուրքի մտնելով: Գոնե մի քիչ առաջ նայեք, թե չէ պահի դրությամբ առաջնորդվելով՝ էս անգամ ոտքներս քարին չենք խփելու, այլ գլուխներս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել