Tert.am-ը գրում է․

Ապրիլի 24-ը Չանաքքալեի կամ Դարդանելի ճակատամարտում Թուրքիայի հաղթանակի 100-ամյակի օր հռչակելը կարող է ռիսկային լինել Թուրքիայի համար և հեղինակազրկել վերջինիս. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

«Բավական երկար ժամանակ է՝ Թուրքիայում պատրաստվում էին Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակին, բայց օրվա ընտրությունն արդեն բարոյականությունից դուրս է: Հստակ է ու պարզ, որ Թուրքիայի Նախագահը այս քայլով փորձելու է աշխարհի ուշադրությունը կենտրոնացել այս իրադարձության վրա և ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից: Թուրքիան մեծ երկիր է, և ինչ-որ չափով կարող է դա իրեն հաջողվել, բայց ապրիլի 24-ը հայտարարել Դարդանելի ճակատամարտի օր՝ առնվազն ցինիզմ է ու անարգանք 1.5 մլն զոհված հայերի հիշատակին»,-ասաց նա:

Թուրքագետն ընդգծեց, որ ապրիլի 24 ամսաթիվը որևէ առնչություն չունի ամիսներ տևած ճակատամարտի որևէ կարևոր իրադարձության հետ:

«Այդ ճակատամարտում Թուրքիայի համար կարևոր ամսաթիվը մարտի 18-ն է»,–ասաց թուրքագետը և հավելեց, որ արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան բավականին շատ պարտություններ է կրում ու բացասական իմիջ է ձեռք բերել հատկապես Սիրիայի, Եգիպտոսի և այլ խնդիրների հետ կապված։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել