Mitk.am–ը գրում է.
1924 թ. այս օրը` հունվարի 9-ին է ծնվել մեծագույն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուք Գոդար
Մարդ, որը հայ է, ծնվել է Թբիլիսիում, ռուսական բանտ է նստել ուկրաինական ազգայնական կոչերի համար-ահա այսպես էին երբեմն բնութագրում 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկին` Սերգեյ Փարաջանովին:
Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում` հայազգի Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում: Ապագա ռեժիսորն ուսանել է Թիֆլիսի Կոնսերվատորիայի վոկալ ու ջութակի բաժիններում, (որոշ կենսագիրներ տեղեկացնում են, որ այդ ընթացքում Փարաջանովը պարի դասեր է վերցրել Օպերայի թատրոնին կից պարարվեստի ստուդիայում), ինչպես նաև ընդունվել Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` կես տարի սովորելուց հետո թողնելով այն, բացի այդ ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է` որպես ռեժիսորի օգնական Կիևի կինոստուդիայում, այնուհետև` Հայֆիլմ և Վրաստան-Ֆիլմ ստուդիաներում: Կինոմատոգրաֆիայում իր առաջին քայլը կարելի է համարել «Անդրիեշ» խորագիրը կրող ֆիլմը, որից հետովարպետը հեղինակում է գեղարվեստական, փաստավավերագրական ու գիտական բովանդակությամբ ֆիլմեր: Առաջին մեծ հաջողությունը կարելի է համարել «Մոռացված նախնիների ստվերները» (1964) ֆիլմը, որի գլխավոր հերոսը գուցուլ Իվանն է: Գեղջկական միջավայրի ինքնատիպ ներկայացման շնորհիվ այս աշխատանքը բազում մրցանակների արժանացավ: Որպես փարաջանովյան գեղարվեստական լեզվի և լոկիրեն հատուկ նորարարական ոճի դրսևորում, որը հռչակ բերեց հայ կինոռեժիսորին` «Նռան գույնը» (1968) ֆիլմն է, որը խորհրդանիշների հետաքրքիր մեկնաբանություններով պատկերում է Սայաթ-Նովայի կյանքը: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվում է 1973 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նրան դատապարտում են 5 տարի ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության մեջ: Միայն 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ, Դալիի մտերիմ ընկեր Լուի Արագոնի միջամտության շնորհիվ` նրան ազատ են արձակում: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով.Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում: Հարկ է նշել, որ Փարաջանովի փորձարարական ջիղը, անսպառ երևակայությունն ու բնատուր շնորհքը լավագույնս դսևորում են գտել նաև վերջինիս ստեղծած կոլաժներում, որոնք ինքնին նորույթ էին մոդերնիստական արվեստում: Նա լայնորեն կիրառել է ապակի, ճենապակի, չորացրած բույսեր, կտորներ, թավիշ, լաթեր, տիկնիկներ, ժանյակներ, մեխանիզմներ ու երկաթե իրեր, ինքնատիպ կերպով մեկնաբանել է Մոնա Լիզայի կերպարը: Այս բոլոր աշխատանքները, որոնք կարելի է տեսնել Երևանում գտնվող Փարաջանովի թանգարանում, կարող են մրցել աշխարհահռչակ սյուրռեալիստների գործերի հետ: Կարևոր է ասել, որ համացանցում տհաճ մի միտում նկատեցի. Վարպետին նվիրված ռուսալեզու և անգլալեզու մի շարք կայքեր նրան հիշատակում են` որպես ազգությամբ վրացի կամ հրեա, իսկ դրա փոխարեն հայկական ֆորումներն ու բլոգները, Փարաջանովի հայկական ինքնության ու հայ լինելու մասին խոսելու փոխարեն, քննարկում են վերջինիս կյանքի ինտիմ մանրամասներն ու արվամոլ լինել-չլինելու հարցը: Սիրելի՛ հայեր, վեր եղեք այդ սին բամբասանքներից և մի նվաստացրեք հայ արվեստագետին: Փարաջանովն է, որ հայ ֆիլմը դարձրեց համամարդկային նշանակության` բարձր հարթակին դնելով այն:
ՁԻԵՐԸ
Տափաստան։ Դաշտ։ Տոթակեզ օր։ Ձիեր… Շատ ձիեր…
Մեկը խոտ է փրցնում, մյուսը հոգնել է ծամելուց և սահուն կողից կող է թավալվում… Երրորդը ալարկոտ հետեւում է նրան։
Անդորր, լռություն…
Ձին մռութը ցցեց և լարված սևեռեց ինչ-որ մի կողմի վրա։ Նրա ետևից մյուսը, երրորդը…Ձին տեղից վեր թռավ…
Ռունգեր։ Լայնացած ռունգեր։
Եվ դարձյալ միևնույն լռությունն է, միայն հեռվից լսվում է անիվների չխկչխկոցը։
Հանկարծ՝ սմբակների հատու հարված փայտին և հովատակի խրխնջոց։
Ձայնն արագ ահագնանում է և արձագանքի է վերածվում, բազմանում է…
Արձանների պես քարացած ձիերի կողքով, անիվներով համաչափ թխկթխկացնելով, անցնում է հովատակներին տանող գնացքը։
Գնացքը շրջադարձին անհետանում է, և այդժամ ձիերը տեղից պոկվում են ու նետվում են նրա ետևից։
Կառամատույցը… Ուղևորները կառամատույցում… Նրանց կողքով ծիկրակում են խրխնջող, մոլեգին հովատակներով վագոնները։
Կառամատույց են նետվում փրփրակալած ձիերը…
Մարդկանց չդիպչելով, նրանք անցնում են մարդկանց արանքներով։
Կառամատույցը կտրուկ հատվում է։
Դրա ծայրին ասես մեխված կանգնել են ձիերը։
Իսկ գնացքը խրխնջացող հովատակերով վագոնները տանում ու տանում էր հեռու։