Ինչպես գիտենք, հունվարի 20-ին ԲՀԿ-ն քաղաքական տարբեր ուժերի հետ համատեղ հրավիրել է խորհրդակցություն-քննարկում: Այս փաստի մասով ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Մուկուչյանը հայտարարել է, որ սա ոչ թե ԲՀԿ-ի, այլ վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն է, իսկ քիչ անց արդեն, Եռյակի մյուս անդամների անտարբեր կեցվածքից պարզ դարձավ, որ վերջիններս չեն մասնակցելու խորհրդաժողովին:
Ծառուկյանի նման որոշումը խոսում է այն մասին, որ վերջինս ռազմավարական շտկումներ է արել իր և իր կուսակցության մասով: Որպես անհատ հանդես գալու հանգամանքը հուշում է այն մասին, որ ԲՀԿ առաջնորդն իրեն հետաքրքիր հարցերի լուծումները տեսնում է այլ հարթակում: Մասնավորապես` նախաձեռնությունը նման ձևաչափով հրավիրելը խոսում է այն մասին, որ Ծառուկյանն ապաքաղաքականացնում է հարցերն ու դրանց լուծումները փնտրում քաղաքական անցուդարձից հեռու:
Այն, որ Եռյակի անդամ մյուս ուժերը գործընթացի այսպիսի զարգացում չէին սպասում, դա փաստ է: Մյուս կողմից էլ եթե գլոբալ նայենք, ապա ԲՀԿ առաջնորդը միշտ էլ ունեցել է բավականաչափ հնարավորություն` իրեն հուզող հարցերը լուծել քաղաքական վարագույրերից այն կողմ:
Այնպես որ… Եռյակն ընդհանուր առմամբ բեռ է եղել ԲՀԿ-համար: Նման քայլը տրամաբանական էր, քանի որ ԲՀԿ-ն, հանդիսանալով Եռյակի ֆինանսական հովանավորը, փաստացի անարդյունավետ ինվեստիցիոն ծախսեր էր անում քաղաքական տվյալ պրոյեկտի վրա: Ինչպես տեսանք, տարբեր տրամաչափերի քաղաքական պրոյեկտների և տարատեսակ շարժումների վրա ծախսած գումարների փոխարեն ԲՀԿ-ն հնարավորություն ունի իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ այլ միջոցներով: