ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015թ. մայիսի առաջին տասնօրյակում. այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Ըստ ընտրական նոր օրենսգրքի՝ համամասնական և մեծամասնական մանդատների փոփոխություն է կատարվել:

Ս.Արզումանյանի հավաստմամբ՝ մինչ օրենքի ընդունումը կազմակերպվել են քննարկումներ, և հարցը թողվել է քաղաքական ուժերի հայեցողությանը: Նախկին օրենքում եղել է 17 համամասնական և 16 մեծամասնական հարաբերակցություն, իսկ նոր օրենքով կգործի 22/11 հարաբերակցությունը:

Փոփոխության է ենթարկվել նաև նվազագույն շեմի հաղթահարումը: Նախկինում կուսակցությունների համար գործող 6 տոկոսի և դաշինքների համար գործող 8 տոկոսի փոխարեն՝ նոր օրենսգրքով համապատասխանաբար 5 և 7 տոկոս շեմի հաղթահարում է սահմանվել:

Կուսակցությունների ընտրական ցուցակներում թեկնածուների նվազագույն և առավելագույն թիվ է սահմանվել` 5 և 66: Սրբուհի Արզումանյանի հավաստմամբ՝ նվազագույն թիվ սահմանելու միջոցով նվազեցվում է այն ռիսկը, որ կոնկրետ ցուցակով հանդես եկող ուժը կարող է ցուցակում առկա թեկնածուների թվից ավելի մեծ թվով մանդատներ ստանալ կամ չկարողանալ լրացնել ազատ մանդատներն ԱԺ պաշտոնավարման ժամկետի ընթացքում: Իսկ առավելագույն սահմանաչափ կիրառվում է՝ ելնելով զուտ գործնական նկատառումներից:

Ս. Արզումանյանի տեղեկացրեց նաև, որ նոր ընտրական օրենսգրքում փոփոխության է ենթարկվել թեկնածուների առաջադրման ցուցակներում կանանց ներգրավվածությունը: Սկսած ցուցակի երկրորդ համարից՝ յուրաքանչյուր հնգյակում պետք է կին թեկնածու ներկայացված լինի: Տվյալ ցուցակում ներկայացված թեկնածուների 20 տոկոսը պետք է կանայք լինեն:

ԿԸՀ նախագահը ասուլիսում խոսեց Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկելու անհրաժեշտության մասին. «Գործող օրենսգիրքը 10 տարվա պատմություն ունի և հիմք է ծառայել համապետական նշանակության ընտրությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար:

Ու այդ ընթացքում տարբեր շահագրգիռ անձանց, կազմակերպությունների ու պետական կառույցների, ինչպես նաեւ արտերկրից հրավիրված դիտորդների կարծիքների, առաջարկությունների հաշվառմամբ՝ անհրաժեշտություն առաջացավ ավելի կատարելագործված ԸՕ ունենալու, որին պատրաստակամ ու դրական արձագանքեցին թե խորհրդարանական և թե արտախորհրդարանական քաղաքական ուժերը»:

Ամփոփելով 2014 թվականի ԿԸՀ գործունեությունը՝ Ս. Արզումանյանը նշեց, որ անցնող տարին ընտրությունների առատությամբ չի առանձնացել, սակայն նշեց, որ 2014թ.-ին տեղական հանրաքվե է կայացել. «ԼՂՀ կառավարության որոշման համաձայն՝ 2014 թ. հուլիսի 20-ին նշանակվեց Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքները միավորելու վերաբերյալ տեղական հանրաքվեներ և ճարտարցիների մեծ մասը` 90 տոկոսից ավելին, համաձայնեց 2 համայնքների միավորմանը: Արդյունքում` 2015թ. հունվարի 18-ին նույն համայնքում պետք է ընտրեն քաղաքապետ և քաղաքային համայնքի ավագանի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել