Աստղիկ Սաֆարյանն իր սերնդի ամենաինքնատիպ երգչուհիներից մեկն է: Մի քանի տարի է, ինչ նա բնակվում է Բարսելոնայում: Ամանորի նախաշեմին` անցնող տարին ամփոփելու խնդրանքով, Orer.am-ը զրուցեց սիրված երգչուհու հետ:
-Աստղիկ Սաֆարյանի համար ինչպիսի՞ն էր 2014 թվականը:
-Ամփոփելով 2014 թվականը, կարող եմ ասել, որ այն աշխատանքային տեսանկյունից հաջող տարի էր ինձ համար, քանի որ ներկայացրեցի երկու նոր տեսահոլովակ՝ «Ուշ է» և «Today» երգերի հիման վրա, ձայնագրեցի նոր ստեղծագործություններ և ի վերջո հիմնեցի իմ ապրաքանիշը ՝ «ԱՑՈ», ինչպես նաև մասնակցեցի համերգների այստեղ՝ Իսպանիայում, և Երևանում:
-Լինելով առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, ինչո՞ւ այս շուկայի համար երգեր թողարկելիս տնտեսական և կոմերցիոն հաշվարկ չեք անում:
-Իմ ներկայացրած երաժշտության մեջ միշտ շեշտը դրել եմ որակի, խորը իմաստի և ինտելեկտուալ մասի վրա, այլ ոչ` կոմերցիայի: Փորձում եմ ստեղծել այնպիսի երգեր, որոնք իրենց մեղեդային և իմաստային տեսանկյունից չեն լինի «մեկանգամյա օգտագործման», որոնց «լսելիության ժամկետը» ընդհամենը մեկ ամիս է: Հնարավորինս փորձ եմ արել ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք տարիներ հետո, երբ լսեն, այդ երգերի մեջ իմաստ գտնեն և տարբեր տարիքում գտնվող ունկնդիրը տարբեր էմոցիաներ ստանա:
-Աստղի՛կ, Դուք եղել եք առաջինը մեր երգարվեստում, ով սկսել է կատարումներ ներկայացնել փոփ-ռոք ժանրում: Վերջին տեսահոլովակը՝ «Today»-ը, այնքան էլ փոփ-ռոք ոճի մեջ չէ: Մի հաղորդման ժամանակ էլ երգեցիք հայտնի «Հե՜յ ջան, Երևան» երգը: Ի՞նչ նոր փորձարկումներ սպասենք:
– «Հե՜յ ջան, Երևան» երգի մասին կասեմ, որ դա հաղորդման ձևաչափն էր, որտեղ կար հատուկ սահմանված երաժշտական թեմատիկա: Ես էլ սիրով փորձեցի ներկայացնել երգը, քանի որ շատ եմ սիրում այդ ստեղծագործությունը: Իսկ «Today» կատարումը, այո՛, ճիշտ եք նկատել, որ փոփ-ռոք չէ: Այն համագործակցություն է DJ Deep Danny-ի և Leon Gris-ի հետ: Այստեղ ավելի շատ իրենց երաժշտական ժանրն է դոմինատ՝ քան իմը: Կարելի է ասել, որ ես հարմարվել եմ իրենց ոճին: Այն էքսպերիմենտալ աշխատանք էր, բայց արի ու տես, որ անմիջապես ճանաչում ստացավ և սիրվեց:
-Արտասահմանյան շուկան նվաճելու հետ կապված ի՞նչ ծրագրեր կան, և ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը դրսի երաժիշտների հետ:
-Բարսելոնայում այս տարի առիթ ունեցա հանդիպելու իսպանացի երաժշտական պրոդյուսերներից մեկի հետ, ով տասը տարի Մայամիում աշխատել է այնպիսի աշխարհահռչակ կատարողների հետ, ինչպիսին՝ Սթինգն է: Նա լսեց իմ երկու ձայնասկավառակը, հրավիրեց իր ստուդիա, ասաց, որ հիացած է իմ ձայնային տվյալներով և առաջարկեց իսպանացի մի կատարողի հետ զուգերգ ձայնագրել: Հիմա այդ ամենը դեռ ընթացքի մեջ է:
Բարսելոնայի ծովափնյա հատվածներում ամառային «Ֆիեստա»-ներին ունեցա շատ համերգներ, որոնց ներկա էր իսպանացի հանդիսատեսը և բազմաթիվ տուրիստներ: Դրանից հետո տարբեր ռադիոկայաններից և համերգների կազմակերպիչներից ստացա շատ գործնական առաջարկներ: Ներկայումս պլանները շատ են և աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա, այն հավանաբար ամբողջությամբ կլինի անգլերեն: Հուսով եմ, որ դա ավելի լայն հորիզոններ կբացի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ