Գուցե մի քանի գեղջկուհու նախագահն իր բեմադրած թատրոնով կզարմացնի, բայց այս ամենն ինձ բնավ դուր չի գալիս: Ի՞նչ է նշանակում հանկարծակի արթնանալ պաշտոնավարման վերջին ամիսներին ու խաղալ այն օպպոզիցիայի դերը, որին քո ձեռքերով ես խեղդել:
Ի՞նչ էր նշանակում վարչապետի վրա երկրի ձախողման ողջ մեղքը բարդելը, ի՞նչ են նշանակում վերջին պաշտոնանկություններն ու բանտարկությունները:
Նախագահը մինչ այդ չգիտե՞ր, որ երկիրը ձախողման է գնում, չգիտե՞ր ովքեր են դրա մեղավորները, ինչո՞ւ էր աչք փակում հանցագործների արածների վրա:
Ի՞նչ իրավունքով էր Վազգեն Խաչիկյանը մինչ օրս ազատության մեջ: Բոլորս գիտեինք, որ նա հանցագործ է, նախագահն էլ գիտեր: Ինչո՞ւ է նա միայն հիմա պատժվում: Սա օրենքի կիրառման ինչ ընտրողականություն է: Ինչո՞ւ պետք է հանցագործին պատժելը կախված լինի, ոչ թե օրենքից, այլ ընտրությունների մոտիկ կամ հեռու լինելուց:
Վազգեն Խաչիկյանն ընդամենը օրինակ է, չկարծեք, որ ասածիս հիմնասյունը հենց նա է: Այն ինչ գողացել է Վազգենը, փոշեհատիկ էլ չէ այն ամենի համեմատ ինչ մյուսներն են անում: Նախագահը խոստացավ, որ կբռնի գլխից, բայց ընկավ մանր ձկների հետևից:
Արդեն մի ամիս է՝ բոլորով քարկոծում ենք հանցագործ Ալիևին, ով ազատ արձակեց հանցագործին: Ռամիլին ու Խաչիկյանին մեկ առանցքային թել է կապում՝ նրանք երկուսն էլ հանցագործ են. Հանցագործներ, ովքեր չէին պատժվել:
Ես չեմ պատկերացնում, թե իշխանական PR-շիկները ինչ արդարացում են գնելու Վազգեն Խաչիկյանի՝ ազատության մեջ անցկացրած երկու տարիների համար: Չեմ էլ պատկերացնում, թե Խաչիկյանանմաններին ինչ մեթոդներով են ստիպելու չբացահայտել նրանց անունները ում համար Խաչիկյաննները կրակից շագանակներ էին հանում:
Խնդիրը Խաչիկյաններն ու Բեգլարյանները չեն, ողջ համակարգն է խնդիր. Ժողովրդի արյունով սնվող ամենապուճուր չինովնիկից մինչև խոշորները:
Օրենքի կիրառումը ռանդոմիզացիայի չպիտի ենթարկվի ու օրենքը որոշել-չորոշելով չպիտի կիրառվի: Այս համակարգում այլ տարբերակ գործել չի կարող: Եթե պլոճիկով տղու նման որոշում ես մեղսավորներին պատժել, մի պահից սկսելու ես քեզ ամենամոտ կանգնածներին խփել: Իսկ կլանայնին այս համակարգը նման ստրեսներ չի հանդուրժի. Այն չափից դուրս փտած է:
Չեմ հավատում, որ նույնիսկ իր պատմական ելույթից հետո նախագահը հետամուտ կլինի հանցագործներին պատժելու: Վստահ եմ ամեն ինչ կլինի ինչպես միշտ է լինում: Կրկին զոհ կգնան մանրերը, ու կխաչվեն ցուցադրաբար…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/darbin.sedrak/posts/109436395878628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել