Ինչպես և ակնկալում էինք, ներքաղաքական զարգացումները շատ պրիմիտիվ և ակներև են լինելու՝ կապված իշխանությունների վարած մարտավարության հետ։ Դեռևս վաղ անցյալում, երբ իշխանությունները փորձ արեցին վերարտադրվելու, և գործընթացը դեռ ուժի մեջ է ի շնորհիվ ՀՅԴ-ի, տարատեսակ տեսակետների հանգեցինք, երբ ոչ իշխանական դաշտից հնչեցին կարծիքներ, թե սա ՀՅԴ-ի կողմից իշխանությունների հետ համագործակցության միտում է։ Սակայն ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ իրենք դավանում են ազգային գաղափարախոսության, և այս քայլն ինքնին բխում է պետական շահերից, և իրենք, որևէ ակնկալիք չունենալով հանդերձ, ազգային շահը գերադասելով սեփականից, գնում են այդ քայլին։ Դեպքերի հետագա զարգացումը, սակայն, կասկածի տեղիք է տալիս, քանզի եզրահանգում ենք ոչ իշխանականների տեսակետին։ Դրա վառ վկայությունը ՀՅԴ-ական պատգամավորի նշանակումն էր նորաստեղծ նախարարության նախարարի տեղակալի պաշտոնին, և սա դեռ ամենը չէ, մոտ ապագայում մենք դեռ նմանատիպ նշանակումների ականատես կլինենք, ես ուղղակի վստահ եմ։ 
Այն, ինչ ծրագրել և իրականացնում է իշխանությունը, դա, ինչ խոսք, սեփական մեկուսացումը փարատելու և ազդեցիկ կարգավիճակ քաղաքական դաշտում ձեռք բերելու միտում ունի, քանզի կոալիցիայի կազմում ունենալ այնպիսի կուսակցություն, ինչպիսին ՀՅԴ-ն է, ով, անկախ ամեն ինչից, ազգային գաղափարախոսություն կրող կուսակցություն է, դա առաջին հայացքից ելք է՝ ստեղծված փակուղային իրավիճակից, չէ՞ որ ոչ իշխանականների ծավալած գործունեությունը խաթարել է իշխանականների անդորրը, և իշխանություններին պետք էր ավելի ազդեցիկ կուսակցություն, քան ՕԵԿ-ն էր։ Սակայն հարկ եմ համարում նշել, որ այժմյան ՀՅԴ-ն բնավ չի համապատասխանում երբեմնի մեր պատկերացումներին՝ որպես ազդեցիկ կուսակցություն, այս հարցում իշխանությունները վրիպել են, ՀՅԴ-ն, իրեն Քառյակից տարանջատելով և փորձեր անելով կոալիցիա կազմել իշխանությունների հետ, վարկաբեկել է երբեմնի իր կայացած, դարավոր քաղաքական անցյալ ունեցող կուսակցության համբավը և այս համատեքստում ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը իշխանությունների հետ դառնում է ոչ պետքական գործընթաց հենց իշխանությունների համար։ Մի խոսքով, ՀՅԴ-ն իշխանությունների վրա ստեղծված լարված իրավիճակում թանկ է նստելու, բայց դրանից իշխանականների ազդեցիկությունը չի ավելանա, ուղղակի մոտ ապագայում ՀՅԴ-ին դեռ երկար չի հաջողվի վերականգնել սեփական վարկանիշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել