Ողջույն ընթերցող: Առաջարկում եմ այսօր մի քանի րոպեով քեզ աշակերտ զգալ և ուշադիր կարդալ այն «դասը» , որը կմատուցեմ Ձեզ եմ ներկայացնում իմ մասնագիտական բնագավառում (աշխարհագրություն) տարածված 2 սխալներ, որոնք , կարծում եմ, ժամանակն է, որ իմանաս (եթե չգիտես) ու ճիշտ օգտագործես: Սկսեմ ամենացավոտ սխալից. դա Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սխալ քարտեզների տարածումն է, ահա դա՝
Ինչպես տեսնում ենք՝ ստեղծելով և տարածելով այսպիսի քարտեզ՝ մենք կամա թե ակամա թշնամուն ենք հանձնում մեր ազատագրված տարածքները և Արցախը արհեստականորեն վերածում ենք անկլավային պետության: Իսկ ամենասարսափելին այն է, որ կար ժամանակ, երբ այս տեսակի քարտեզներով էր նույնիսկ ցուցադրվում եղանակի տեսությունը, ավելին՝ հիշում եմ, նույնիսկ դպրոցական օրագրեր կային նման «քարտեզի» պատկերով: Որպես հակակշիռ՝ առաջարկում եմ սույն ճիշտ քարտեզը, որը նաև օգտագործվում է դպրոցում՝ ուսումնական գործընթացում.
Հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր այս քարտեզն էլ կվերանվանվի, և մենք կունենանք ոչ թե երկու առանձին պետությունների, այլ մեկ միասնական պետության՝ Հայաստանի Հանրապետության քարտեզ
Հաջորդ շատ տարածված սխալը, որը ի դեպ նույնպես շատ հաճախ հնչում է տարբեր հեռուստաալիքներով՝ եղանակի տեսությունը ներկայացնելիս, կամ ինչ-որ հաղորդման շրջանակներում, այն է, որ Արարատյան դաշտըանվանվում է դաշտավայր: Հասկանում եմ, որ միգուցե գտնվեն առարկողներ՝ ասելով, թե դա նեղ մասնագիտական թեմա է, և ոչ մասնագետը սխալվելու իրավունք ունի: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ոչ մի բարձրագույն կրթություն ունեցող անձ (առավել ևս հեռուստատեսությամբ ներկայացող) նման հարցերում սխալվելու իրավունք չունի: Աշակերտներիս շրջանում էլ, ամենատարածված սխալներից մեկն էր: Մի անգամ, երբ ուղղեցի հերթական աշակերտին՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես Հայկական լեռնաշխարհում դաշտավայր լինել չի կարող, քանի որ դաշտավայրերը ունենում են ծովի մակարդակից 0-ից մինչև 200 մետր բարձրություն, իսկ մեր ամենացածր կետը Դեբեդ և Արաքս գետերի հովիտներն են՝ 370-375 մետր, նա ինձ փորձեց «ուղղել», ասելով, թե ինչպե՞ս, ախր հեռուստացույցով են ասում դաշտավայր, լսել եմ: Մեծ ջանք պահանջվեց ինձանից՝ երեխաներին բացատրելու համար, որ հեռուստացույցով ոչ միշտ է, որ ճշմարտությունն է հնչում: Ի վերջո երեխաները սովորեցին արտասանել ոչ թե դաշտավայր, այլ՝ դաշտ (իսկ արդեն իսկ ընդունված և քեզ «վարժեցրած» սխալը ուղղելը դժվար է մի փոքր): Անցան ամիսներ (ինչպես ֆիլմերում :ճ) և էքսկուրսիա կազմակերպեցինք դեպի Հայաստանի Պատմության թանգարան: երիտասարդ գիդը երեխաներին տարավ Հայկական լեռնաշխարհի քարտեզի մոտ և սկսեց բացատրել, որ սա մեր բնօրրանն է, և այլն, և այլն… իսկ հետո սկսեց ներկայացնել մակերևույթը, հասավ Արարատյան դաշտին, և.. «Երեխաներ, սա Արարատյան դաշտավայրն է»: Չեմ կարող նկարագրել աշակերտներիս դեմքի միմիկան, երբ անմիջապես շրջվելով՝ ինձ նայեցին: Երևի թե դա մի բան էր արտահայտում. նրանք երկմտանքի մեջ էին, «հավատալ» իրենց ուսուցչուհու խոսքին, թե՞ պատմության թանգարանում աշխատող այդ խիստ հագնված և ինքնավստահ գիդաշխատողին: Ես ստիպված էի փարատել աշակերտներիս կասկածները: խախտելով էթիկայի բոլոր կանոնները՝ ընդհատեցի աշխատակցուհուն և ուղղեցի սխալը: Ի պատասխան նա միայն մեղմ ժպտաց և պատասխանեց. «ես դա գիտեմ»: Հարց է ծագում, եթե գիտես, ինչու՞ ես սխալ ինֆորմացիա տարածում, չէ՞ որ դա ամրապնդվում է լսողի մոտ . հետագայում դժվարություններ է առաջացնում ճիշտ տարբերակը ընդունելիս:
Սրանք 2 շատ տարածված սխալներ են, որոնց օգտագործումը իմ այս գրառումից հետո, հույս ունեմ, որ գոնե չնչին չափով կկրճատվի:
Հ.գ. Հիշեք, Րաֆֆին ասում էր . «Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»: