Թուրքիա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինն  «անշրջելիության» տակ թաքնվող գործիչներին ցույց է տալիս՝ ինչպես կարող է մի երկրի հետ ունենալ անվտանգության հարցերով ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ հարաբերություններ, իսկ այդ երկրի թշնամու հետ տնտեսությունը հասցնել ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ համագործակցության մակարդակի։ Խոսքը Պուտինի հայտարարության մասին է, որտեղ մարդը բառացի ասեց, որ կապույտ վառելիքի առևտուրը հասցնելու են ռազմավարական մակարդակի, իսկ այսօրվա Ամանորյա զեղչերը միայն ՍԿԻԶԲՆ են։
Եթե անդրադարձ կատարենք հայ-թուրքա-ռուսական եռյակի հարաբերություններին ԱՌԱՋԻՆ հանրապետության վերջին շրջանում, ապա կնկատենք, որ Ռուսաստանը հեղափոխությունից հետո Թուրքիային դիտարկում էր որպես պոտենցիալ դաշնակից, ով տարածելու է «կարմիր» գաղափարախոսությունը։ Հենց այդ սպասումներից ելնելով՝ Ռուսաստանն անխնա կիսում էր Հայաստանը իր ապագա սուպերդաշնակցի հետ։ Հետագայում, հենց այդ սպասումից ելնելով, Երկրորդ աշխարհամարտից հետո Հայաստանի հարց չբարձրացվեց։ Եվ այդ ամենը չնայած այն հանգամանքին, որ 1920-ի վերջին Հայաստանն ԱՐԴԵՆ խորհրդային էր, իսկ համաշխարհայինում հայ ժողովրդի ներդրման մասին խոսելը թերևս ավելորդ է։ Իրականում, այդ թյուր պատկերացումները գրեթե մինչև վերջ էլ մնացին և սխալ քաղաքականության հիմք, պատճառ դարձան։
Վերադառնալով այսօրվա իրականություն՝ նկատում ենք, որ սցենարներն այնքան էլ տարբեր չեն։ Այն ժամանակվա Ռուսաստանի բոլշևիկյան իմպերիալիզմի արդյունքը ԽՍՀՄ-ն էր, իսկ այսօր պուտինյան Ռուսաստանի համար ԵՏՄ-ն է, որը որքան էլ ազատ մուտք ու ելքի հնարավորություն ունեցող, կոնսենսուսով որոշում ընդունող (և այլն) կառույց լինի, հաջողության դեպքում (Ռուսաստանի համար) ժամանակի ընթացքում քիչ է տարբերվելու ԽՍՀՄ-ից։ Դրա առաջին վկայություններն են «մի գիշերում» մուտքը ԵՏՄ՝ չնայած նախորդող հայտարարություններին և անմիջական սահմանի բացակայությանը, նազարբաևական ակնարկների «կուլ տալը» և և այլն։
Այսօր Պուտինը, ով կարծես թե իր համար արդեն լուծել է ՀՀ-ի մուտքի հարցը ԵՏՄ՝ քաջ գիտակցելով մեր խորհրդարանի զորությունը, «հանգիստ խղճով» հայացքը սևեռել է մեր հարևան Թուրքիային։ Ի թիվս արդեն իսկ գործող բարեկամական հարաբերություններին՝ ավելանում են նոր գազամուղի շինարարության ծրագիրը, գազի գնի 6% զեղչը և  ի թիվս այլի՝ այն հայտարարությունները, որ այդ զեղչն ընդամենը սկիզբն է, իսկ էներգետիկայի բնագավառում հարաբերությունները հասցվելու են ստրատեգիական մակարդակի։
Իհարկե, այսօր 1920 թվականը չէ, և դժվար թե Հայաստանը կրկին մասնատեն, նամանավանդ, երբ մասնատելու բան չի մնացել, բայց այս քայլով Պուտինը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ 1. շատ հանգիստ կարող է տարաբնույթ ռազմավարական համագործակցություն ունենալ անգամ երկու թշնամի երկրների հետ։ 2. ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխիքներ չեն եղել ԵՏՄ անդամակցելու դիմաց, և եթե ինչ- որ երաշխիքներ են եղել, ապա միգուցե գործող իշխանության համար։
Հայաստանի ներքաղաքական տեսանկյունից՝ Պուտինի այս այցն ու հայտարարությունները բառացի հերքում էին Հայաստանի իշխող և «ընդդիմադիր» այն բոլոր գործիչներին, ովքեր ԵՏՄ անդամակցությունը համարում են առանց այլընտրանք և անշրջելի։ Իսկ ՀԱԿ-ի պարագայում այնքա՜ն անշրջելի, որ երեկվանից ՀԱԿ-իստները ի՜նչ վերլուծություն ասես չհնարեցին արդարացնելու համար իրենց կողմ քվեարկելը։ Եվ ինչպես առավոտյան արդեն նշել եմ, անգամ «ԱՆՇՐՋԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ» չի արդարացնում կողմ քվեարկելը, և ինչ-որ մի օր այդ կողմ քվեարկողները պատասխան են տալու՝ անկախ սեռից, տարիքից և կուսակցական պատկանելությունից։

Հ.Գ. Այսօր Հայաստանի սուվերենության անգամ մեկ տոկոսի զիջումը ցանկացած Եվրոպական կամ Եվրասիական մարմնի խիստ վտանգավոր է երկրի ազգային անվտանգության տեսանկյունից, որին բանատեղ ոչ մեկ չի դնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել