559925_267678790031777_511337449_nՊատգամավոր դառնալու առաջին իսկ օրից Փաշինյանը սկսեց ավելացնել իր քաղաքական կապիտալն՝ ի հաշիվ ժողովրդի շրջանում աճող վստահության։ Նա այն եզակի պատգամավորներից էր (իսկ երբեմն միակը), ով իր պատգամավորական մանդատն օգտագործում էր մեր պետության օրակարգային խնդիրները բարձրաձայնելու համար։ Այս տարիների ընթացքում Փաշինյանի խոսքը մշտապես եղել է կշռադատված և փաստարկված, ու թերևս հենց այդ խոսքն էր համոզում ժողովրդի մի ստվար զանգվածին։

Հաջորդ քայլը «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպության ստեղծումն էր, որը ևս մեր իրականության համար նոր երևույթ էր։ Ի տարբերություն Հայաստանում գործող անթիվ-անհամար ՔԱՂԱՔԱԿԱՆ կուսակցություններին՝ այստեղ շեշտը դրվեց ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ-ի վրա։ Ի դեպ, նշեմ, որ «քաղաքացիական» մոտեցումները նոր չէին և դեռևս 2007-2008 թվականների ասուլիսներում նկատելի էին։ Այս նորաստեղծ կառույցով Փաշինյանն ավելի ընդարձակեց իր հեղինակության սահմանները՝ փաստացի նախկինում արված գեղեցիկ, ժողովրդահաճո և, որ ամենակարևորն է, ՃԻՇՏ դիրքորոշումներին ավելացնելով ԳՈՐԾՆԱԿԱՆ քայլեր։ «Քաղաքացիական պայմանագիրը», լինելով նոր և ժողովրդին հիասթափություն չպատճառած սուբյեկտ, ոչ միայն նոր գաղափարներ և մեթոդներ է առաջ քաշում, այլև հայտարարում է իր բաց լինելու մասին, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր անձ, ով բավարարում է որոշակի չափորոշիչների։ Ուշագրավ է, որ կարող են անդամակցել նաև այն սփյուռքահայերը, ովքեր պատրաստակամ են մշտական բնակություն հաստատել հայրենիքում։

Եվ այսօր նույն Նիկոլ Փաշինյանը, ով թվում է, թե ամեն ինչ շատ ճիշտ է անում և, չունենալով հսկայական ռեսուրսներ, այնուամենայնիվ, գրագետ պայքարի հիմք է ստեղծում, նախաձեռնեց նախագահի իմպիչմենթի գործընթաց։ Հատկանշական է ոչ թե բուն գործընթացը կամ արդյունքները, որոնք կարծում եմ բոլորի (այդ թվում իր համար սպասելի էին), այլ գործընթացի մեկնարկը։ Փաստացի, փորձառու և երկար տարիներ քաղաքական կյանքով ապրած գործիչը նախաձեռնում է իմպիչմենթ (ցանկացած պետության համար ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ մի գործընթաց)՝ ի կատարումն մի խոստման, որ տվել էր Սիվիլնեթ-ի լրագրողուհուն։ Իհարկե, տղամարդու համար խոստում կատարելը գովելի է, բայց մի՞թե պետք էր նման խոստում տալ կամ դրա հիման վրա սկսել իմպիչմենթ։ Կարծում եմ, որ Փաշինյանն իր նախաձեռնությունում նշված կետերը շարադրել է հենց այդ խոստումը տալուց հետո, այսինքն՝ ոչ թե կետերն են բերել արդյունքի, այլ արդյունքը պահանջել է հիմնավորող կետեր, ինչի արդյունքում փաստաթուղթը թերի էր (նաև իր կարծիքով)։ Ավելին, Փաշինյանը բազմիցս նշել է, որ ՔՊ-ն կակտիվանա այնժամ, երբ կկայանա և կունենա անհրաժեշտ ներուժ։ Իհարկե՛, չկար ներուժը, իհարկե՛, եռյակը չէր քվեարկի, որովհետև իրենց բառապաշարով «իշխանափոխություն», «համակարգային իշխանափոխություն» եզրույթները ոչ մի կապ չունեն «նախագահի փոփոխության» (անխախ մեթոդից՝ հրաժարական, իմպիչմենթ և այլն) հետ։ Ինչի՞ համար էր այս քայլը։ Արդյունքում եղավ մեկ քայլ առաջ, բայց միևնույն ժամանակ երկու քայլ հետ։

Հ.Գ. Չեմ կարծում, որ Փաշինյանը վատ գործիչ է, և չեմ էլ ցանկանում բացասական երանգներ հաղորդել, բայց այս քայլը քաղաքական հաշվարկի արդյունք չէր, որքան էլ ինքը պնդի, թե իր նպատակին հասել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել