Առողջապահության նախարարությունը գնահատում է ցորենի ալյուրի հարստացման տնտեսական ռիսկերը, գնահատում է այն իրավիճակը, որը կապված կլինի սպառողի ազատ ընտրության հնարավորության հետ՝ առանց հաշվի առնելու, որ իրենք տնտեսագետներ կամ սպառողների իրավունքների մասնագետ չեն, բժիշկներ են, ովքեր պետք է զբաղվեն բժշկությամբ: Ավելին նշեմ. իրենց վերլուծություններում հստակ ապացուցում են, որ այդ ոլորտին ընդհանրապես չեն տիրապետում. մեկնաբանեմ՝ ինչու.
1. Որովհետև տնտեսական ռիսկերը հաշվի առնելիս չեն հաշվարկում փաթեթավորման ծախսը, այն դեպքում, երբ փաթեթավորված և չփաթեթավորված հացի շուկայական գներն իրարից էականորեն տարբերվում են:
2. Խոսում են սպառողի ազատ ընտրության հնարավորությունից առանց վիճակագրության, թե շուկայում իրացվող հացի քանի տոկոսն է պատրաստվում բարձր և առաջին տեսակի ալյուրներից, դեռ ավելին՝ այդ ալյուրի որ տոկոսն է արտադրվում օրական մինչև 30 տոննա հզորություն ունեցող հոսքագծերով:
Ու կատարելով մասնագիտական այսպիսի լուրջ սխալներ՝ առողջապահության նախարարությունում իրենց թույլ են տալիս իրականացնել և հրապարակել որոշակի գնահատականներ:
Իսկ երբ ոչ բժիշկները՝ ՀԿ ներկայացուցիչ, լրագրող, հարցեր են ուղղում առողջապահության ոլորտից՝ հիմնվելով մասնագիտական գրականության կամ այլ վիճակագրության վրա, որևէ հակափաստարկ չունենալով, պատասխանում են, թե մասնագետ չեք, մենք այս հարցում կբանավիճենք մասնագետների հետ՝ քաջ գիտակցելով, որ մասնագետները գործում են համակարգում, և որ իրենց ուղղված հարցերը հենց մասնագետներն են բարձրաձայնել՝ մտավախությամբ, որ համակարգին դեմ դուրս գալու պարագայում կկորցնեն աշխատանքը:
Հետաքրքիր է, երբ խոսում են մասնագիտական քննարկում ունենալու մշակույթից, ոչ մասնագետների կողմից ոչ մասնագիտական թեմաներում չներգրավելուց, ինչո՞ւ են մոռանում, որ բժիշկ են և տնտեսական և սպառողների իրավունքների հարցերով մասնագիտական քննարկմանն ուղղակի չեն կարող մասնակից լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել