Impoqrik.am-ը գրում է․
Ուրեմն, ինչպես միշտ, այս անգամ ևս եկեք մի փոքր հասկանանք` ինչու ենք այդքան հաճախ զայրանում:
Ջղայնության, զայրույթի հիմքն անզորությունն է` անզոր ու անկարող լինելու զգացումը: Ամեն անգամ, երբ երեխայի վրա բարկանում ենք, դա առաջին հերթին սկսվում է ինչ-որ բան փոխելու մեր անկարողությունից: Այսինքն` մենք ուզում ենք փոխել իրավիճակը, վերականգնել մեր իշխանությունն իրավիճակի վրա, չի ստացվում, և մենք զայրանում եք:
Ինչու ենք երեխայի վարքից ավելի շատ զայրանում, քան այլ մարդկանց վարքից: Ձեզ այդ հարցը տվե՞լ եք: Գուցե տվել եք, չգիտեմ, գուցե շատերը կասեն` ոչ, երեխայի վրա ավելի շատ չեմ բարկանում: Իսկապես կարող է և այդպես է, բայց ես ուզում եմ սկզբունքը ցույց տալ, որի համար ինձ պետք է այդ օրինակը: Այսպիսով, ավելի շատ բարկանում ենք այն մարդկանց ու այն երևույթների վրա, որոնք, մենք հավատում ենք, որ կարող ենք փոխել, կամ դրանք մեր կամքին են ենթարկվում: Օրինակ` եղանակի վրա շատ քիչ ենք բարկանում, կարող ենք վշտանալ, որ անձրև եկավ անժամանակ, բայց զայրանալ դրանից մի տեսակ աննորմալ է: Դա նույնիսկ կվկայի անառողջ հոգեկան աշխարհ ունենալու մասին: Այս պարագայում երեխայի վրա ավելի շատ ենք զայրանում, քանի որ ունենք խորը համոզմունք, որ մենք կարող ենք և նույնիսկ պարտավոր ենք նրան փոխել, ստիպել, դաստիարակել, և այն ամենը, ինչ նա անում է, մեր պատկերն է:
Հիմա տեսեք, եթե մենք որոշ իրավիճակներում հասկանում ենք, որ այս պահին, այս փուլում կամ այս իրավիճակում չենք կարող փոխել երեխայի տվյալ վարքը, կամ այդ վարքը փոխելն անգամ իմաստ չունի, քանի որ դա ինքնիրեն կանցնի, մենք չենք զայրանում կամ ավելի քիչ ենք զայրանում: Եթե մենք ունենք սպասելիք, որ մեր երեխան պիտի շատ ենթարկվող լինի, որ մորը չենթարկվելը վկայում է վատ մայր լինելու մասին, կամ եթե երեխաս ինձ չի ենթարկվում, ինչ կարծիք կկազմեն հարևանները, սկեսուրս և այլոք, ապա զայրույթը կրկնապատկվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ