Քանի որ ձմեռվա առաջին օրը որոշեցի սկսել Բժեզինսկու գաղափարներով, ուստիև տրամաբանական է, որ քնելն արդեն չէր ստացվելու, և ակամայից հիշեցի, որ մեզ թեժ աշուն էր խոստացվել: Մի քանի նախադասությամբ ամփոփեմ քաղաքական թեժ աշունը.
Իշխանափոխություն անելու հայտ ներկայացվեց, սակայն այն գտնվում է քննարկման փուլում՝ իշխանափոխություն անել ցանկացողները ճանապարհի կեսին կարծես թե սկսեցին մոռանալ, որ միասին են ճամփա դուրս եկել, բայց Տիգրան Կարապետյանը «փրկեց» իրավիճակը,
ՕԵԿ-ը նորից ընդդիմություն է,
ՀՀԿ-ն շարունակում է հավատալ, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել,
Ժառանգությունը հավատը վերջնականապես կորցրեց,
Տնտեսությունը «փրկվեց», քանի որ ասվեց՝ դոլարի փոխարժեքի բարձրացումը նպաստելու է արտահանման աճին՝ իմաստ չունի գլուխ ջարդել հասկանալու համար, թե ինչպես,
ՀՀԿ-ում բոլորը գոհ են, քանզի կարծես թե ընդդիմությունն էլ է Մելիք Ադամյան փողոցի դարբնոցում կերտվում,
Բոլորը միաձայն կողմ են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն,
Հասարակությունն էլ շարունակում է ինտենսիվ արտագաղթել...
Հիմա հարց՝ ո՞վ է փոխհատուցելու սառը ցնցուղների և թեժ աշնանը սպասող հուսահատված հասարակության սպասումների վնասները: