Տնային դեղատուփում յոդի 5% սպիրտային լուծույթով սրվակի առկայությունը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Այդուհանդերձ, երկրաբանական գիտության տեսակետից նման սրվակ ունեցողը մեծ հարստության տեր է, քանի որ երկրի ընդերքում յոդի պարունակությունը կազմում է 4,10-ից 5%` ավելի քիչ, քան տուլիան և լյուտեցիան, որոնք համարվում են լանտանոյիդների ընտանիքի ամենահազվագյուտ և դժվար ձեռքբերելի ներկայացուցիչները։
Սակայն, նույնիսկ այդ պարագայում, յոդը գրեթե ամենուր է. լեռնային բյուրեղապակու բյուրեղիկներում, հողում և ջրում, բուսական և կենդանական օրգանիզմներում։
Յոդն ընդդեմ Նապոլեոնի
Եթե որևիցե պատճառով յոդն սկսում է պակասել` խուլերի և թուլամիտների թիվը կտրուկ աճում է։ Տարօրինակ է, բայց փաստ. 18-րդ դարում ֆրանսիական Շվեյցարիայում գյուղերը լի էին տկարամիտ արարածներով և, բնականաբար, նման պայմաններում անհնար էր գտնել զինվորական ծառայությանը պիտանի երիտասարդներ։ Այդ իսկ պատճառով, Նապոլեոն Բոնապարտն ստիպված եղավ իր վրա վերցնել մի տարօրինակ առաքելություն և դառնալ առաջին քաղաքական գործիչը, ով հրաման արձակեց պարբերաբար հետազոտել իր ենթակաների վահանաձև գեղձը։ Ի դեպ, այդ նույն ժամանակաշրջանում լուրջ խնդիրներ էին ծագել նաև զինվորական գործարաններում. կաթսաների պատերին, որոնց մեջ նեխած ծովային ջրիմուռներից եփման եղանակով սելիտրա էին ստանում, որն օգտագործում էին վառոդի արտադրության մեջ, ինչ-որ նստվածք էր առաջանում։ Այդ նստվածքը քայքայում էր մետաղը և կաթսաները դառնում էին անպիտան։ Երկու դեպքում էլ մեծն կայսերը վնասողը ձերդ մեծություն յոդն էր։ Այդ զարմանահրաշ տարրի բացահայտումը վերապահված էր ֆրանսիացի քիմիկոս Բերնար Կուրտուային, ինչը տեղի ունեցավ 1811 թվականին։ Մի օր գիտնականի սիրելի կատուն թռավ սեղանի վրա, որտեղ երկու անոթ էին դրված, դրանք շուռ տվեց ու ջարդեց։ Անոթներից մեկում ծովային ջրիմուռներից պատրաստված սպիրտային լուծույթ էր, մյուսում` ծծմբաթթու։ Հեղուկ նյութերը խառնվեցին իրար և սենյակում մուգ մանուշակագույն գոլորշու տարօրինակ ամպ բարձրացավ։ Նոր տարրն անվանեցին յոդ, հավանաբար, հին հունարեն iodes – մուգ կապույտ, մանուշակագույն բառից։ Մինչդեռ շատերն այլ կարծիքի են և պնդում են, որ իրականում յոդ բառն այլ ծագում ունի։ Հին եբրայերենով յոդ տառը հոգևոր տարածության և բացարձակ սրբության խորհրդանիշն է, որից սկիզբ է առնում մարդկային էությունը` հասկանալու և սեփական ուժերին ապավինելու ունակություններով։ Ի՞նչ է սա. տարօրինակ զուգադիպություն, թե՞ իրական հրաշք`չգիտենք, սակայն մեր օրերում առանց յոդի խոսք չի կարող լինել ինտելեկտի կամ ֆիզիկական ուժի մասին։ Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսերից յոդն սկսեցին օգտագործել որպես հականեխիչ միջոց ամեն կարգի վիրահատական միջամտությունների ժամանակ` սկսած ատամ հեռացնելուց մինչև վերջույթների անդամահատում, ինչը թույլ տվեց 20%-ով կրճատել մահացությունների թիվը։ Այս թիվը պարզապես ցնցեց վիրաբույժներին, ովքեր արդեն հարմարվել էին հետվիրահատական բարդությունների հետ։
Յոդի դեֆիցիտի հետևանքները
1883 թվականին շվեյցարացի վիրաբույժ Կոխերը նկատեց, որ վահանաձև գեղձի հեռացումից հետո հիվանդների մոտ կրետինիզմի (հոգեկան և ֆիզիկական զարգացման հապաղում) նշաններ են ի հայտ գալիս։ Սակայն յոդի և խպիպի միջև գոյություն ունեցող կապին սկսեցին լրջորեն վերաբերվել միայն այն բանից հետո, երբ 1896 թվականին գերմանացի գիտնական Բաումենը վահանաձև գեղձի հյուսվածքում յոդ հայտնաբերեց։ Պարզվեց, որ վահանաձև գեղձի արտազատած հորմոնների 65%-ը յոդ են պարունակում և հենց այդ հորմոններն են կառավարում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի ծախսերը, կանոնավորում գլխուղեղի և նյարդային համակարգի, ինչպես նաև սեռական ու կաթնային գեղձերի գործունեությունը, ապահովում օրգանիզմի աճն ու բնականոն զարգացումը։ Դա էր պատճառը, որ մարդկային օրգանիզմում յոդի ոչ բավարար քանակությունը նմանատիպ ծանր հիվանդությունների առաջացման պատճառ էր դառնում։ Վահանաձև գեղձի գործունեության խախտումները տարբեր ձևերով կարող են արտահայտվել. դաշտանային ցիկլի խանգարում, մարմնի քաշի կտրուկ փոփոխություն, արտահայտված խպիպ, գերհոգնածություն, տկարություն, քնկոտություն, հիշողության թուլացում, դյուրագրգռություն և բռնկվող բնավորություն։ Մաշկը դառնում է չոր, մազերն սկսում են թափվել և նույնիսկ ամառային տապին հիվանդները մրսում են։ Ապացուցվել է նաև, որ յոդի դեֆիցիտը սրտանոթային հիվանդությունների և բրոնխաթոքային պաթոլոգիաների առաջացման պատճառ կարող է լինել։ Շատ հաճախ այդ հիվանդությունների բուժման համար նախատեսված նույնիսկ լավագույն դեղամիջոցները ցանկալի արդյունք չեն ապահովում, քանի որ օրգանիզմում յոդի դեֆիցիտի խնդիրը լուծված չէ։
Որտեղի՞ց ստանալ յոդի անհրաժեշտ պաշարներ
Մարդը յոդի պաշարներ ստանում է արտաքին աշխարհից. 90%-ն ապահովում է սնունդը, իսկ մնացածը`ջուրն ու օդը։ Բանից պարզվում է, որ 75 տարվա կտրվածքով մարդուն ընդամենը 1 թեյի գդալ յոդ է հարկավոր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով այդ պահանջը օրական կազմում է.
50 մկգ՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար,
90 մկգ՝ 1-ից 7 տարեկան երեխաների համար,
120 մկգ՝ 7-ից 12 տարեկան երեխաների համար,
150 մկգ՝ 12-ից բարձր տարիքի երեխաների և չափահասներիհամար,
200 մկգ՝ հղի կանանց և կերակրող մայրերի համար։
Ի՞նչ է նշանակում 200 մկգ յոդ. 1 մլ յոդի սպիրտային լուծույթի մեջ 200 անգամ 200 մկգ կա։ Այդպիսի լուծույթով կարելի է, օրինակ, մշակել ծնկների քերծվածքները, սակայն ոչ մի դեպքում խմել չի կարելի։
Ամենից շատ յոդ կա ծովային ձկների, ծովամթերքի (մանր ծովախեցգետին, ծովային կաղամբ և այլն) և մսի մեջ, առավել քիչ քանակությամբ բանջարեղենի (բազուկ, սպանախ, լոլիկ, գազար, կարտոֆիլ, կաղամբ, սոխ, սխտոր, լոբի), ձվի, մրգերի և հատապտուղների մեջ (արմավ, խնձոր, խաղող, բալ, սալոր, ծիրան, գետնամորի), ինչպես նաև հնդական և մայրի ծառի ընկույզներում։
Խոհարարական մշակման պարագայում յոդն ավելի լավ է պահպանվում, եթե.
ջուրը հազիվ ծածկում է կաթսայի պարունակությունը,
բանջարեղենն ամբողջական կամ մեծ կտորներով է ընկղմվում եռման ջրի մեջ։ Ավելի լավ կլինի իհարկե, եթե բանջարեղենը շոգեխաշվի կափարիչով ամուր փակված կաթսայի մեջ։
Յոդային անբավարարությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը սննդի մեջ յոդացված աղի օգտագործումն է։ Սակայն վերջինիս հետ ճիշտ վարվել է հարկավոր.
գերտաքացման պայմաններում յոդը գրեթե ամբողջությամբ գոլորշանում է, այդ իսկ պատճառով սննդին աղը պետք է ավելացնել ոչ թե եփելու ժամանակ, այլ ուտելուց անմիջապես առաջ,
խորհուրդ չի տրվում յոդացված աղն օգտագործել աղ դնելու կամ թթվեցման համար (մթերքը դառնահամ է դառնում),
յոդացված աղն արտադրումից հետո իր բուժիչ հատկությունները պահպանում է միայն 3-4 ամիս, ուստի, գնելիս անպայման պետք է ուշադրություն դարձնել արտադրության ամսաթվին,
յոդացված աղը պետք է պահել փակվող տարայի մեջ, քանզի բաց վիճակում աղը խոնավություն է կլանում, իսկ յոդը գոլորշանում է։
Ամեն ինչ չափի մեջ է լավ
Յոդի դեֆիցիտը համընդհանուր խնդիր է։ 153 երկրների կառավարություններն իրենց հնարավորությունների սահմաններում պայքարում են (կամ չեն պայքարում) այդ խնդրի դեմ, իսկ քաղաքացիները` ով ինչպես կարող է։ Ու այստեղից էլ սկսվում է մեր պատմության ամենաողբերգական մասը։ Յոդի ավելցուկը, որն առաջանում է թե՛ արտաքին կիրառության միջոցների և թե՛ սննդի հետ օրգանիզմ ներթափանցելու ճանապարհով, առաջ է բերում յոդիզմ` վերին շնչուղիների լորձաթաղանթի ասեպտիկ բորբոքում, որն արտահայտվում է հարբուխով, արցունքով և թքարտադրությամբ, լարինգիտով, բրոնխիտով և մաշկի վրա կորյակային բշտերի առաջացմամբ։ Թե որն է օրգանիզմի համար յոդի ընդունելի չափը` ոչ ոք չի կարող պատասխանել, քանզի, հաշվի առնելով վերջինիս թունավոր լինելու փաստը, բժշկությունը բացառում է յոդը որպես ներքին կիրառության միջոց օգտագործելը։ Լինելով գերհզոր օքսիդացնող միջոց` յոդը վնասում է կենդանի բջիջներին կամ ի սպառ վերացնում է դրանց։ Բացի այդ, միաձուլվելով արյան սպիտակուցների հետ, յոդն անդառնալի միացություններ է ստեղծում։
Յոդի պարունակությունը որոշ սննդամթերքում (100 գ հում մթերքի հաշվարկով)
ՄԹԵՐՔ Յոդի պարունակությունը, մկգ
Ձողաձկան լյարդի յուղ 350–700
Խեկ 160
Մինթայ 150
Փրփրուկ 140
Աղ դրած ծովատառեխ 77
Ձողաձուկ 60
Սապատաձուկ, երկարատամ ձուկ, կետա 50
Լոբի 12,8
Տավարի միս 11,4
Ոլոռ 10,5
Ձու 10,2
Ցորենի ալյուր 9,7
Կաղամբ 9,5
Ցորեն 9,4
Բուսական յուղ (ձեթ) 9
Տավարի լյարդ 8,7
Բազուկ 6,8
Գազար 6,7
Կարտոֆիլ 5,8
Կաթ 5,8
Սևաձավար 3,5
Այդ է պատճառը, որ բժիշկները բացարձակապես չեն ընդունում կոկորդը յոդի սպիրտային լուծույթով և Լյուգոլի լուծույթով մշակելը։ Իսկ համընդհանուր ճանաչման արժանացած ժողովրդական բժշկության այնպիսի միջոցի ընդունումը, ինչպիսին, օրինակ, կիտրոննաթթվի և յոդի խառնուրդն է, մի քանի «բուժման կուրսից» հետո կարող է վահանաձև գեղձի դիսֆունկցիա առաջացնել։ Պատճառը սպիրտային լուծույթում առկա յոդի ահռելի քանակությունն է։ Մի խոսքով, այս տարրի ավելցուկը մինչ օրս որևէ մեկին ո՛չ ավելի գեղեցիկ է դարձրել, ո՛չ էլ գիտունիկ։ Կասկածներ չպետք է լինեն. յոդը թունավոր է...
Իսկ ինչպե՞ս է հաջողվում ճիշտ որոշել յոդի չափաքանակը. միջոցներն ու մեթոդները շատ են։ Գոյություն ունեն յոդ պարունակող դեղամիջոցներ, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից։ Օրինակ, կա մի դեղամիջոց, որում յոդը «ներմուծված է» կաթնային սպիտակուցի մեջ։ Այսպիսով, յոդը վահանաձև գեղձին հասնում է միայն լյարդի ֆերմենտների կողմից «մշակվելուց» հետո։ Իսկ այդ ֆերմենտներն արտադրվում են միայն այն ժամանակ, երբ օրգանիզմում յոդի պակաս է լինում։ Եթե օրգանիզմում յոդի քանակը բավականաչափ է, ապա նման ֆերմենտներ ընդհանրապես չեն արտադրվում և դեղամիջոցը պարզապես չի ներծծվում արյան մեջ։
Պե՞տք է մեզ արդյոք յոդը
Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր ինքնուրույն որոշել օրգանիզմում յոդի քանակը։
Միջոց 1 (գրեթե գիտական). հիգիենիկ փայտիկը թրջեք 5%-ոց յոդի լուծույթի մեջ և ազդրի ներքին մակերեսի մաշկի վրա հորիզոնական և ուղղահայաց գծեր արեք, այնպես, որ ստացվի 1x 1 սմ վանդակներով աղյուսակի նմանվող ուղղանկյուն։ Իսկ ինչո՞ւ հենց այդպիսի վանդակներ։ Պարզվում է, որ դա հեղուկի` մարմնին հավասարաչափ տարածելու ամենաիդեալական երկրաչափական մարմինն է. թե շատ արագ է ներծծվում և թե արդյունավետ է։ Այսպիսով, եթե յոդի վանդակները 3 ժամ հետո անհետանում են, նշանակում է յոդն օրգանիզմին խիստ անհրաժեշտ է։ Եթե դրանք վերանում են 6-ից 8 ժամ հետո, ապա յոդի պակասն այդքան էլ շոշափելի չէ, իսկ մեկ օր հետո վերանալու պարագայում կնշանակի, որ ձեր օրգանիզմում յոդի քանակը նորմայի սահմաններում է։ Բացի այդ, մաշկին յոդի վանդակներ գծելը տեղային գրգռիչ ազդեցություն է թողնում, լայնացնում է մաշկի մազանոթները, նպաստում արյան արտահոսքին և նվազեցնում բորբոքված մկաններում արյունականգը։ Ահա թե ինչու յոդի վանդակները կարելի է կիրառել շնչառական օրգանների բուժման ժամանակ, որպես շեղող հակաբորբոքային միջոց, ինչպես նաև օստեոխոնդրոզի և նևրալգիայի ժամանակ առաջացող ցավերի դեպքում։
Միջոց 2. տիբեթյան հեքիմներից. ոտքի բութ մատերին առաջացած կոշտուկները կամ կոշտացած մաշկը վկայում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների խանգարման, վահանաձև գեղձի պաթոլոգիայի և, բնականաբար, յոդի պակասին առնչվող խնդիրների մասին։
Միջոց 3. ոչ ավանդական. հոգեբանները պարզել են, որ գերհոգնածության համախտանիշով տառապող մարդիկ դյուրագրգիռ են, ունեն թույլ դիմադրողականություն և նրանց հատուկ է յոդի դեֆիցիտի ժամանակ առաջացող բոլոր ախտանշանները։ Այս մարդիկ նախապատվությունը տալիս են մանուշակագույնին, որն առանձնահատուկ է յոդի գոլորշացմանը։
Մեր օրերում մենք դադարել ենք հրաշքներին հավատալ, բայց ափսոս, չէ՞ որ հրաշքներով լեցուն կյանքն էլ ավելի հետաքրքիր է։
Յոդն ու տիեզերական ճառագայթները
Ակադեմիկոս Վերնանդսկին եկել է այն համոզման, որ յոդի գոյացման հարցում մեծ դեր են խաղում տիեզերական ճառագայթները, որոնք երկրի ընդերքում միջուկային ռեակցիաներ են առաջացնում, այսինքն՝ նպաստում են մի տարրի` մեկ այլի փոխակերպմանը։ Շնորհիվ նման փոխակերպումների` լեռնային հանքապարներում գոյանում են նոր ատոմների` այդ թվում նաև յոդի, ոչ մեծ քանակություններ։
Յոդը որպես քսուք
Ածխաջրածնային յուղերին ընդամենը 0,6% յոդ ավելացնելուդեպքում մի քանի անգամ կրճատվում է չժանգոտվող պողպատից և տիտանից առանցքակալներում շփման երևույթը։ Այս հանգամանքը թույլ է տալիս շփվող դետալների վրա աշխատելիս ավելացնել ծանրաբեռնվածությունն ավելի քան 50 անգամով։
Յոդն ու ապակին
Յոդն օգտագործում են հատուկ պոլյարոյիդ ապակու պատրաստման համար։ Այդ նպատակով ապակու (կամ պլաստմասսայի) մեջ ներմուծում են յոդի աղերի բյուրեղիկներ։ Լուսային ճառագայթը դրանց միջով թափանցել չի կարողանում։ Այսպիսով ստացվում է յուրահատուկ մի զտիչ, որն անվանում են պոլյարոյիդ։ Այն վանում է լույսի կուրացնող ճառագայթները։ Նմանատիպ ապակին շատ են օգտագործում ավտոմեքենաներում։ Մի քանի պոլյարոյիդների համակցությամբ կամ պոլյարոյիդ ապակիները պտտեցնելով շատ գեղեցիկ լուսային էֆեկտներ կարելի է ստանալ։ Այս հնարքները լայնորեն կիրառվում են կինոտեխնիկայում և թատրոններում։
Գիտե՞ք որ...
Մարդու արյան մեջ յոդի պարունակությունը պայմանավորված է տարվա եղանակով. սեպտեմբերից մինչև հունվար այն իջնում է, փետրվարից սկսում է բարձրանալ, իսկ մայիս-հունիս ամիսներին հասնում է առավելագույն մակարդակին։ Տատանումների լայնույթը (ամպլիտուդան) համեմատաբար փոքր է, սակայն դրանց պատճառը մինչ օրս հանելուկ է մնում։
Ռուսաստանում յոդի արտադրության առաջին գործարանը բացվել է 1915 թվականին Եկատերինոսլավ (ներկայիս Դնեպրոպետրովսկ) քաղաքում։ Այդ գործարանում յոդն ստանում էին սևծովյան ջրիմուռներից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործարանում արտադրվել էր ավելի քան 200 կգ յոդ։
Եթե ամպրոպային ամպերի վրա յոդացված արծաթ կամ կապար «շաղ տրվի», ապա կարկտախառն անձրևի փոխարեն մանրափաթիլ ձյուն կտեղա, ինչը չի վնասի ցանքատարածություններին:
Մարդու արյան մեջ յոդի պարունակությունը պայմանավորված է տարվա եղանակով. սեպտեմբերից մինչև հունվար այն իջնում է, փետրվարից սկսում է բարձրանալ, իսկ մայիս-հունիս ամիսներին հասնում է առավելագույն մակարդակին։ Տատանումների լայնույթը համեմատաբար փոքր է, սակայն դրանց պատճառը մինչ օրս հանելուկ է մնում։