Կեցցեն մեր զինվորներն ու հրամանատարները, ովքեր մասնակցել են խոցված ուղղաթիռի հետևանքով զոհված մեր տղաների մարմինների դուրս բերման օպերացիային և դրա մշակման աշխատանքներին: Սա փայլուն պատասխան էր և հակառակորդի ագրեսիվ հակակառուցողականությանը, և տարատեսակ միջնորդների «անզորությանը»: Երբեմն ռազմական պատասխանները շատ ավելի դիպուկ և ընկալելի են, քան քաղաքական գործողությունները: Այդ ընկալումները չափազանց կարևոր են դրանց օբյեկտային ասպեկտով՝ թշնամու քաղաքական էլիտա և հասարակություն, միջազգային հանրություն, սեփական հասարակություն: Ընկալումները թեև արժեքային հիմքով նույնական չեն (թշնամու մոտ վախի զգացողություն, խուճապ, պարտության սինդրոմի առաջացում, միջազգային հանրության մոտ սեփական խնդիրների լուծման ներուժի առկայություն, սեփական հասարակության համար վստահություն, ոգի, ուժի զգացողություն), սակայն միմյանց փոխլրացնում են հակադրությունների միասնությամբ:
Այս օպերացիան բոլորին կստիպի վերաիմաստավորել որոշակի մոտեցումներ և հասկանալ, որ Հայկական բանակը լուրջ ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում, որն ի վիճակի է ոչ միայն պահել ստատուս-քվոն, այլև, ըստ անհրաժեշտության, ազդել դրա վրա և նույնիսկ այն փոփոխության ենթարկելու լուրջ հայտ ներկայացնել: Մեզ ուղղակի այլ ելք չէր մնում, քան գնալ նման քայլի, որը պետք է նավթակրատական պետությանը ստիպի վերահաշվարկել հումքի վրա կառուցված բանակի համար կատարվող ծախսերի նպատակահարմարությունը: