Մեկ-մեկ կարդում ես մեր պաշտոնյաների հայտարարություններն ու հասկանում, որ իրենք շարժվում են ինչ-որ սպեցիֆիկ՝ միայն իրենց հատուկ տրամաբանությամբ, որը դուրս է դասական տրամաբանության կանոններից:

«Հարցնում եք՝ արդյոք ԵՏՄ-ին անդամակցությունը կբերի՞ արտագաղթի մեծացմանը, ես ասում եմ՝ ոչ: Նախ՝ արտագաղթը այն է, որ ավարտվում է մշտական բնակության փոփոխմամբ: Այսօր, երբ ավելի բարդ է այնտեղ մնալը, մարդիկ վախենում են հետ գալ միայն նրա համար, որ հետո կարող են իրենց առաջ արգելքներ դնել, ու դառնում են արտագաղթողներ: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կբերի միգրացիոն տեղաշարժի ակտիվության»,-երեկ հայտարարել է Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ցանկացած առողջ իշխանության նպատակն է անել այնպես, որ երկրի քաղաքացիները ոչ թե հեշտացված կարգով, «առանց վախենալու» գնան, մի քանի ամիս «խոպանում» աշխատեն, հետո գան հայրենիք, մի քանի շաբաթ մնան ու նորից գնան «խոպան»՝ թողնելով իրենց տունն ու ընտանիքը, այլ որ քաղաքացին կարողանա սեփական երկրում աշխատանք գտնել մարդավայել աշխատավարձ ստանալ՝ սեփական երկրում ծախսելով գումարը և հարկերի տեսքով ապահովելով երկրի բյուջեի կայունությունը:

Առավել ուշագրավ է այն, որ պարոն Եգանյանը, հավանաբար, ծանոթ չէ բալթյան երկրների օրինակին, որտեղ այսօր սարսափելի իրավիճակ է ստեղծվել, և շատ մասնագետներ, ինչպես նաև այդ երկրների իշխանությունները, արդեն խոսում են այն մասին, որ շուտով բալթյան երկրները պարզապես դադարելու են գոյություն ունենալուց: Եվ խնդիրն այնտեղ հենց Եգանյանի ասած «միգրացիոն տեղաշարժի ակտիվությունն» է, ինչը պայմանավորված է հիմանականում աշխատատեղերի բացակայությամբ: 
Ի դեպ, դեմոգրաֆիկ իրավիճակը կտրուկ սրվեց 2004–ից հետո, երբ բալթյան երկրները դարձան ԵՄ անդամ: Արդյունքում՝ 2011 թվականի մարդահամարի տվյալներից պարզվեց, որ մի քանի տարվա ընթացքում նույն Լատվիայում բնակչությունը 2,32 միլիոնից դարձել է 2 միլիոն, և շարունակում է նվազել: Եվ այս ամենի պատճառն է երիտասարդ, աշխատունակ բնակչության արտահոսքը, որի հետևանքով երկրում կտրուկ նվազել է ծնելիությունը, և նկատվում է բնակչության ծերացում («Population Reference Bureau»-ի զեկուցի համաձայն՝ Լատվիան դասվել է ամենացածր ծնելիության մակարդակ ունեցող երկրների շարքը (1,1 գործակցով))։ Նույն պատկերն է նաև Լիտվայում ու Էստոնիայում:

Այնպես որ, որևէ հայտարարություն անելուց առաջ մեր պաշտոնյաները լավ կանեին՝ ծանոթանային աշխարհում առկա օրինակներին, իսկ հետո հայտարարություններ անեին:

Հ.Գ.: Գրածս ուղղված չէ ԵՏՄ-ին կամ ԵՄ-ին: Ասածս այն է, որ իշխանությունները պետք է ոչ թե ուրախանան, որ «միգրացիոն տեղաշարժի ակտիվությունը» կբարձրանա, այլ պետք է Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսզի ժողովուրդը կարիք չունենա «միգրացիոն տեղաշարժերի»՝ աշխատանք փնտրելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել