Վերջին կես ժամվա մեջ էնքան ռոմանտիկ տողեր կարդացի, որ սիրտս լցվեց, ու քանի որ ինքս իմ առաջ կոդեքս եմ դրել ոչ մի հասարակական երևույթի չանդրադառնալ, որոշեցի պատմել մի պատմություն։ Ճիշտ է` կիսատ մնացած մի պատմություն...
Այսպիսով՝ բոլորովին վերջերս, մի հնացած ու խոշտանգված հողակտրում, որին տեղաբնիկները Հայաստան են հորջորջում, մի տղա մտքի մեջ այնպես բարձր էր իր հարցադրումները հղում տիեզերքին, որ գալակտիկայի էներգետիկ դաշտի մի ամբողջ հոսք մի ակնթարթում հասավ Երկիր մոլորակ։
Սփրտնած ու աչքերի տակն սևացած տղան լուսավորվել էր ամբողջովին և չէր նկատում իր չորս կողմը հավաքված մարդկանց, միայն փակել էր աչքերը և մտքի մեջ համատիեզերական աղմուկ էր բարձրացրել։
Նա չէր խոսում արդարության վերականգնման մասին, քանի որ գիտեր, որ արդարությունը նույն ամենաթողությունն է, միայն հակադիր բևեռներում։
Չէր գոռում ճշմարտության մասին, որովհետև գիտեր, որ այն նույն սուտն է, ուղղակի սպիտակ գույնով ներկված։ Նա չէր խոսում հավերժ հավատարմության մասին, որովհետև գիտեր, որ հավերժ կարող է լինել միայն ժամանակն և մահը։ Չէր խոսում սիրո, համերաշխության, խաղաղության մասին, որովհետև գիտեր, որ իր տիեզերական մարմինը թույլ ու անզոր է զգալու այդ համատիեզերական զգացումներ։
Նա խոսում էր միայն մի բանի մասին...
Նա կանչում, գոռում, արտասվում ու բղավում էր... Նա կորցրել էր իր արևը։
Նա կանգնած էր տիեզերական խավարում և խարխափում էր, փորձում էր ձեռքով շոշափել և գտնել իր արևը, բայց այն չկար։ Այն չէր հանգչել, ոչ էլ խամրել էր... Այն ուղղակի չկար, այնպես կարծես չէր էլ եղել։
Է՜հ, տեսնես նա կմտածեր, որ մի քանի երկրային ամիսներ անց շատ պատահաբար կարող է հեռվում տեսնի այդ արևի լույսից պոկված մի հատիկ ու վազի... Վազի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/871391642905825?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել