Պայմանագրային զինծառայող Արտուշ Արզումանյանի տունը հեռու չէ` զորամասի հարևանությամբ: Զորամասն է հեռու` սահմանին` առաջնագծում: Սահմանին մոտիկ ու զորամասին մոտիկ մի փոքրիկ, համեստ կահավորված տան մեջ է ապրում նրա` մեր օրերի համար մեծ` հինգ հոգանոց ընտանիքը` կինը և երեք երեխաները: Այո՛, փոքրիկ է նրանց տունը, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, կարևորը այդ տան մեջ ապրողների սիրտն է, որ իսկապես մեծ է, այնքա՜ն մեծ, որ հանգիստ մի հայրենիք կարող է տեղավորել… Եվ ահա այս փոքրիկ, բայց մեծ տան շունչն ու հոգին տիկին Հռիփսիմեն է, որ համոզված է` ինքն էլ ամուսնուն հավասար տասնմեկ տարի դիրք է պահել:
-Երբ Արտուշի հետ ծանոթացա, հասկացա՝ աշխարհի որ ծայրում էլ ասես, կապրեմ նրա հետ: Իհարկե, աշխարհի ծայրում չենք, բայց սահմանին շատ մոտ ենք` կտրված դրսի «մեծ կյանքից». դպրոցը 10 կիլոմետր այն կողմ է, մանկապարտեզն էլ՝ 8 կմ… Մի երկու կրպակ կա ու վերջ: Իսկ ես մայրաքաղաքում եմ ծնվել… Չգիտեմ, էլ առաջվա պես չեմ ձանձրանում, թեև տանից դուրս զբաղվելու բան չունեմ… Թերևս ընտելացել եմ, բայց դա դեռ չի նշանակում, որ կյանքս հեշտ է` տունս բարեկարգ, ամուսնուս աշխատավարձը` լիուլի… Հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, հավատացե՛ք:
Երևանում էլ ամեն օր կինո-թատրոն չէի գնում, Օպերա էլ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ գնացել, ուղղակի այսպես ամեն ինչից կտրված չէի… Բայց, որ զղջամ, երբե՛ք… Սերը և ծառայությունը նվիրում են պահանջում… Հակառակը՝ հպարտանում եմ, երբ ասում եմ՝ ամուսինս 11 տարի դիրք է պահել, հետո էլ միշտ ավելացնում եմ՝ ես էլ հետը: Եթե տանը մեկը զինվորական է, բոլորն էլ պետք է նրա կյանքով ապրեն: Անընդհատ մտքով Արտուշի հետ եմ. տեսնես՝ դիրքերում հանգի՞ստ է, տեսնես՝ սաղավարտը գլխի՞ն է… էս հարցերը ինձ հանգիստ չեն տալիս արդեն տասներեք տարի: Միայն ես չեմ, ինձ նման են ապրում մեր մյուս սահմանապահների կանայք: Սկզբնական շրջանում, երբ ամուսինս դիրքեր էր բարձրանում, ընդհանրապես չէի կարողանում քնել… Անկեղծ ասած, վախենում էի մենակությունից… Մտածում էի՝ ամեն դեպքում սահմանի բերան է… Հիմա արդեն սովորական է դարձել… Ինչպես տեսնում եք` ապրում եմ, չնայած մայրաքաղաքում ապրող բարեկամներս շարունակում են զարմանալ… Ուղղակի նրանք ծանոթ չեն զինվորականի կյանքին… Զինվորականին ամուր թիկունք է պետք, որ նա զենքը վստահ բռնի… Ես հենց այնպես այս խոսքերը չեմ ասում. հուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանին լարված էր, ես ու երեխաներս իմ հայրական տանն էինք` հարյուրավոր կիլոմետրեր հեռու, բայց հենց իմացա, միանգամից վեր կացա, երեխաներիս առա, եկա Արտուշի մոտ` զինավան, այսինքն՝ մեր տուն… Մտածեցի` այսպես Արտուշն ավելի հանգիստ կլինի, սահմանը` ավելի ամուր…
Մենք էս զինավանի հնաբնակներն ենք, շատերն են գալիս, մի քանի տարի ծառայում, տեղափոխվում, բայց մենք դեռ այստեղ ենք… Ինչքան ենք դեռ մնալու, Աստված գիտե…
Շարունակությունն այստեղ