Civilnet.am-ը գրում է․
Հայկական օդուժի ուղղաթիռները միանշանակ չեն խախտել հայ-ադրբեջանական ուժերին բաժանող շփման գիծը: Դա փաստում է հենց ադրբեջանցիների կողմից նկարահանված և համացանցում տեղադրված տեսագրությունը: ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի տեսակետ է հայտնել «Արևելք» ռազմավարական-վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետ կապված մարտավարական խնդիրներին:
«1994թ. զինադադարի հաստատումից ի վեր ճակատային գծում բազմաթիվ զորավարժություններ են ընթացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից, սակայն երկու կողմերն էլ երբեք ուղղաթիռ կամ ինքնաթիռ չեն ոչնչացրել, և կարելի է փաստել, որ լուռ վստահության մթնոլորտ է եղել: Այս անգամ ոչ թե ավելորդ վստահություն է տածվել հակառակորդի հանդեպ, այլ մեր ուղղաթիռները փաստացի ուսումնավարժական թռիչք են իրագործել ճակատային գծին մոտ և միանշանակ չեն խախտել այն»,- նշել է Ափինյանը:
Նա նաև պարզաբանել է, թե ինչու ուղղաթիռը զինված չի եղել. «ՄԻ-24 ուղղաթիռներն իրենց սպառազինման համակազմում ունեն հակառակորդի ռադիոլոկացիոն ճառագայթումը հայտնաբերող սարքավորումներ: Այսինքն՝ ռադիոալիք է ուղարկվում տեղորոշման համար, և երբ ուղղաթիռը ռադիոալիք է որսում, անմիջապես աշխատում են համապատասխան համակարգերը, տեղի է ունենում կեղծ թիրախների լիցքերի արտանետում: Տեսագրությունից ակնհայտ երևում է, որ հայկական օդուժի ուղղաթիռները նման արտանետում չեն իրագործում, ինչը փաստում է ուղղաթիռների զինված չլինելու հանգամանքը: Իսկ չզինված ուղղաթիռը հակառակորդի ոչ բնագիծը, ոչ էլ սահմանը չի խախտում: Մեր օդաչուները շատ հանգիստ ուսումնական թռիչք են իրականացրել սեփական տարածքում, և մարտական թռիչք իրականացնելու որևէ միտում չի եղել: Կորում է նաև զինված լինելու տրամաբանությունը: Մարտական ելքի ժամանակ ուղղաթիռը հակառակորդին ուղղահայաց դիրքով է լինում, իսկ մեր ուղղաթիռը հորիզոնական դիրքով էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ