Սիրելի՛ զինվորներ,
Հիշե՛ք, թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաև մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն, և դուք եք երաշխավորն այդ իրավունքների: Աշխարհի շատ ժողովուրդներ արդարացիորեն հպարտանում են իրենց բանակներով, բայց դուք պատասխանատու եք մեր կյանքի համար, մեր ժողովրդի անվտանգության համար: Մենք ձեզ հավատում ենք և հենվելով այդ հավատի վրա՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացիորեն լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:
Մենք շնորհակալ ենք ձեզ: Դուք մեր զավակներն եք, մենք ձեր թիկունքին ենք, դուք մեր պաշտպաններն եք: Հիշե՛ք: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, զորավարժություններով ոչինչ չի ավարտվում, զորավարժություններով նորից է սկսվում մարտական պատրաստությունը, չարչարանքը, նորից են սկսվում զրկանքները, որովհետև և՛ պատերազմը, և՛ զորավարժությունները արտակարգ իրավիճակներ են: Իսկ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ գործողություններ, որոնք լի են դժվարություններով, զրկանքներով: Բայց հիշե՛ք՝ աշխարհի վրա չկա ավելի սրբազան բան, քան ծառայել Հայրենիքի անվտանգությանը: Դուք դա շատ-շատ լավ եք անում:
Շնորհակալ եմ ձեզ՝ մեր ժողովրդի անունից:
Բարի ծառայություն:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար



