«Քաղաքում»-ի Համոն՝ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպերի, թատրոնից հեռանալու և ընտանիքի մասինLife.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի հյուրը դերասան, «Քաղաքում» հեռուստասերիալում «Համոյին» մարմնավորող Վահագն Սարգսյանն է, ով անկեղծացավ Երևան-Արարատ ճանապարհին տեղի ունեցած հետաքրքիր միջադեպերի, թատրոնից հեռանալու և ընտանիքի մասին:

-Այժմ միայն սերիալո՞ւմ եք զբաղված, թե՞ նաև թատրոնում եք աշխատում:

-Ես 10 տարի աշխատել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո գնացել եմ Արտաշատի «Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն», որտեղ աշխատեցի մեկ տարի: Շատ եմ սիրում թատրոնը, դերասանն առանց թատրոնի լիարժեք չէ: Անպայման վերադառնալու եմ: Երբեմն, գնում եմ թատրոն, շրջում, կարոտս առնում: Իսկ հիմա գործնական առումով զբաղված եմ միայն «Քաղաքում» հեռուստասերիալում:

-Իսկ ինչո՞ւ սերիալը գերադասեցիք թատրոնից:

-Հիմնական պատճառը թատրոնի ցածր վարձատրությունն էր: 25-30 հազար դրամով չես կարող ընտանիք պահել, Արարատից ամեն օր փորձերի ու ներկայացումների գալ: Այդպես աշխատել այլևս հնարավոր չէր: Երբ և թատրոնների, և իմ ֆինանսական դրությունը կարգավորվի և կայունանա, անպայման թատրոն կվերադառնամ: Սա իմ գործն է, ինձ մեկ այլ ոլորտում չեմ պատկերացնում:

-Գուցե հարցս տարօրինակ հնչի, բայց հիմա շատ է պատահում, որ դերասանի կարգավիճակում Չդերասաններ են հայտնվում. դուք մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Այո, 2003 թվականին ավարտել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:

-Աշտարակի՞ց եք:

-Ոչ, Արարատի մարզի Տափերական գյուղից:

-Դժվար ու հոգնեցուցիչ չէ՞ ամեն օր այդ ճանապարհը կտրել-անցնել: Ի վերջո, դա էլ ֆինանսի հետ կապ ունի չէ՞:

-Դժվար է, բայց իմ աշխատանքը դա է: Եթե գյուղում մնամ, պետք է հող մշակեմ, ինչի հետ այնքան էլ սեր չունեմ: Ինչ վերաբերում է ֆինանսին, ապա վաստակածս գումարը բավարարում է, որ և՛ ընտանիքս պահեմ, և՛ գնամ ու գամ:

-Իսկ ինչո՞ւ Երևանում բնակարան չեք վարձակալում:

-Եթե անկեղծ՝ Երևանը չեմ սիրում: 1999 թվականից, երբ ուսանող դարձա, միշտ էլ գնացել-եկել եմ: Աղմկոտ քաղաք է, ինձ լավ չեմ զգում այդտեղ. անընդհատ մեքենաների ազդանշաններ, ավտոբուսի ու տրոլեյբուսի ձայներ… Որքան էլ գերհոգնած լինեմ, երբ հասնում եմ գյուղ ու «լսում» այդ լռությունը , անմիջապես լիցքաթափվում եմ, հանգստանում:

-Վահագսերիալը ձեզ բացի ճանաչումից ուրիշ ի՞նչ տվեց:

-Սովորեցի կամերայի առջև ճիշտ աշխատելու ձևը: Օրինակ, մենք արդեն սովորել ենք ու հիմա նկատում ենք, որ նոր եկած, սերիալում ներգրավված դերասաններն անընդհատ տեսախցիկին են նայում: Նաև կարևոր է շփումը տարբեր մարդկանց՝ ռեժիսորների, դերասանների հետ: Սա էլ թատրոնի պես հետաքրքիր աշխարհ է…

-Գյուղական համայնքում դերասաններն ավելի շատ են ուշադրության կենտրոնում հայտնվում: Ձեր գյուղում հետաքրքիր դեպքեր լինո՞ւմ են՝ կապված Ձեզ հետ:

-Հետաքրքիր դեպքեր լինում էին, երբ ավտոմեքենա չունեի և ավտոբուսով, երթուղային տաքսիներով էի քաղաք գալիս-գնում: Ինձ համար ամեն օր «Մամուլի ասուլիս» էր կազմակերպվում տրանսպորտի մեջ: Բնականաբար, լավ էի զգում, որ ինձ ճանաչում են, սիրում, ցանկանում են շփվել: Օրը 10-15 հոգու հետ ծանոթանում էի: Մի խոսքով, այդ մեկ ժամն անցկացնում էի «ժողովրդի հետ, ժողովրդի համար» (ծիծաղում է): Հիմա այդ վիճակներից մի քիչ զերծ եմ, քանի որ մեքենայով եմ երթևեկում: Արդեն միայն միջոցառումների ու խանութ գնալուց եմ «ասուլիս տալիս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել