Interpress.am-ը գրում է․

Իտալական «La Stampa» թերթը իր «Ղարաբաղում ուղղաթիռ է խոցվել. Նոր պատերա՞զմ է սպասվում»հոդվածում անդրադառնալով ԼՂՀ բանակի խոցված ուղղաթիռի միջադեպին՝ կարծիք է հայտնում, որ այն կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումների սրացումը: Թերթը, հենվելով որոշ մեկնաբանների կարծիքների վրա, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացմանը կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ուր ներքաշված է նաև Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ կարող է աջակցել հայկական կողմին:

The Washington Post թերթը հրապարակել է միջադեպի մասին «Ադրբեջանը ուղղաթիռ է խոցել Լեռնային Ղարաբաղում» հոդվածը: Այն մեջբերում է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հաղորդագրությունները միջադեպի հետ կապված և նշում, որ ԵԱՀԿ-ի ներքո ընթացող տարիների բանակցային գործընթացը քիչ տեսանելի առաջընթաց է գրանցել:

Իր հերթին, Bloomberg լրատվական կայքը «Ուղղաթիռի կործանմամբ Ադրբեջանը ռիսկի է գնում նոր հակամարտության Հայաստանի հետ» հոդվածում անդրադառնում է ուղղաթիռի հետ կապված միջադեպին՝ մեջբերելով Կարնեգիի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դե Վալի խոսքերը, ըստ որի՝ «Սա զինադադարի վերջին 20 տարիներից ի վեր ամենալուրջ ռազմական միջադեպն է»: Ըստ լրատվական կայքի հաղորդման՝ Մինսկի խմբի համանախագահները «խորապես անհանգստացած են» միջադեպով: Կայքը նշում է նաև, որ Ադրբեջանը իր նավթային եկամուտները օգտագործում է ռազմական նպատակներով և սպառնում պատերազմով, եթե տապալվեն բանակցությունները:

Իր Bloomberg Businessweek մեկ այլ անդրադարձում՝ «Ադրբեջանցիներն ու հայերը փոխադարձ մեղադրում են միմյանց ուղղաթիռի կործանման միջադեպում» կայքը նշում է, որ ադրբեջանական կողմը մեղադրում է հայկական կողմին իր օդային սահմանների խախտման մեջ, իսկ հայկական կողմը, հերքելով մեղադրանքները, ընդգծում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր վերջերս ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Կայքում բերվում են նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կոչը երկու կողմերին հարգել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղությամբ:

Alյazeera-ն հրապարակել է «Հայաստանը զգուշացնում է Ադրբեջանին ուղղաթիռի միջադեպի հետ կապված» անդրադարձը, ուր նշում է, որ հայկական կողմը հայտարարել է, որ այս միջադեպը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար: Լրատվամիջոցը մեջբերում է նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդի շրջապատի անանուն աղբյուրի դեռևս հոկտեմբերին՝ հայ-ադրբեջանական փարիզյան գագաթաժողովից հետո, հայտնած կարծիքը, որ ուկրաինական իրադարձությունները ունեն ուղիղ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության վրա:

BBC-ին ևս անդրադառնում է ուղղաթիռի միջադեպին «Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռ»հոդվածում, ուր նշում է, որ այս միջադեպը առաջին էր իր տեսակով զինադադարի կնքումից ի վեր: BBC-ի մեկ այլ անդրադարձում, վերնագրված «Հայկական ուղղաթիռի կործանումը. Ծանր հետևանքների զգուշացում», նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ միջադեպը որակել է որպես «հանցավոր սադրանք»: Հայկական կողմը նաև զգուշացրել է Ադրբեջանին միջադեպի ծանր հետևանքների համար:

EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակել է լրագրող Ջոշուա Կուցերայի«Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խուցումից հետո ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը»վերլուծությունը, ուր նշվում է, որ հայկական կողմի ռազմական և քաղաքական գործիչները խոստացել են համապատասխան հակահարված տալ Ադրբեջանին այս առիթով: Կուցերան գրում է, որ չնայած միջադեպի հաջորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ Ղարաբաղի շուրջ եղած տարածքը «փակ օդային տարածք է», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով ժամանեց Լեռնային Ղարաբաղ: Կուցերան մեջբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականի խոսքերը, ըստ որի՝ Ղարաբաղի օդային տարածքը, իրոք, փակ է, բայց միայն Ադրբեջանի օդային ուժերի համար: Կուցերան նաև մեջբերում է Armenian Reporter թերթի խմբագիր Էմիլ Սանամյանի կարծիքը, ըստ որի՝ հայկական կողմի պատասխանը ամենայն հավանականությամբ կլինի համարժեք՝ օրինակ, ադրբեջանական ուղղաթիռի խոցում:

Reuters գործակալության տարածած տեղեկության մեջ, վերնագրված «Հայաստանն ասում է Ադրբեջանը խոցել է ուղղաթիռը», հաղորդվում է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք կարծում են, որ ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են, սակայն երկու կողմն էլ վերջնականապես չեն հաստատել այդ տեղեկությունը: Ըստ գործակալության՝ միջադեպը սրել է իրավիճակը Հայաստանի և նավթ արտադրող Ադրբեջանի միջև: Ըստ գործակալության մեկ այլ «Հայաստանին և Ադրբեջանին հորդորում են պահպանել զինադադարը ուղղաթիռի կործանումից հետո» անդրադարձի՝ ԵԱՀԿ կոչ է անում կողմերին հարգել զինադադարը և կանխել նմանատիպ միջադեպերը հետագայում:

Euronews-ը հրապարակած «Հայաստանն ասում է Ադրբեջանը խոցել է ռազմական ուղղաթիռը» վերնագրի ներքո կարճ անդրադարձում տեղադրված է ուղղաթիռի խոցման պահի վիդեո նյութը, ինչպես նաև մեջբերվում են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները միջադեպի առիթով: Նյութի վերջում նշվում է, որ Հայաստանը խոստացել է հակազդել Ադրբեջանին:

Գերմանական Deutsche Welle պարբերականը ևս անդրադարձել է միջադեպին՝ հրապարակելով«Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռ Ղարաբաղում» հոդվածը: Նյութում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանը խոցել է ղարաբաղյան ուղղաթիռը, երբ այն կատարում էր ուսումնական թռիչք, և որ ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել միջադեպի տարածքն անգամ ուղղաթիռի կործանումից հետո:

Ըստ եվրոպական մեկ այլ պարբերականի՝ Europe Online-ի՝ «Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց ուղղաթիռի կործանման մեջ» նյութի, ղարաբաղյան կողմի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է, որ փրկարարները չեն կարողանում մոտենալ միջադեպի վայրին, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակել իրենց ուղղությամբ: Պարբերականը ընդգծում է, որ Ռուսաստանի, որը դիտվում է որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավորող, և ԵԱՀԿ-ի պաշտոնյաները խորը մտահոգություն են հայտնել միջադեպի կապակցությամբ: Ըստ պարբերականի՝ կողմերը միմյանց են մեղադրում միջադեպի կապակցությամբ:

Global Post ամերիկյան լրատվական կայքը միջադեպի վերաբերյալ իր «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է թեժանալ, ըստ ՀԱՊԿ-ի» հրապարակման մեջ անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայտարարությանը միջադեպի կապակցությամբ, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանը վերացրել է ուղղաթիռ, որը կատարում էր ուսումնական թռիչք, որի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները: Նշված է նաև, որ ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ այս վտանգավոր միջադեպը կարող է նոր լարվածության սրման պատճառ դառնալ:

International Business Times-ը երկու անդրադարձ է արել միջադեպին: Ումբերտո Բաչիի հեղինակությամբ«Լեռնային Ղարաբաղ: Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին ուղղաթիռի կործանումից հետո»հոդվածում բերվում են ադրբեջանական և հայկական կողմերի պաշտոնական հայտարարությունները միջադեպի կապակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, ըստ որի՝ այս միջադեպը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ ներառյալ լարվածության թուլացմանն ու զինադադարի պահպանմանը: Նույն պարբերականի մեկ այլ հրապարակման մեջ, Ջանլուկա Մեզոֆիորիի հեղինակությամբ«Լեռնային Ղարաբաղ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սպառնում է վերածվել հումանիտար աղետի» նյութում ընդգծվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները վախենում են, որ հակամարտության վերսկումը կունենա աղետալի մարդասիրական հետևանքներ: Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Ալիևի վարչակազմը քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից իր խոսքի ազատության խախտումների և բռնապետության համար: Մեջբերվում է ԱՄՆ վիքիլիքսյան գաղտնազերծված զեկույցները, ուր Ադրբեջանի նախագահը համեմատվում է մաֆիայի պարագլխի հետ: Հրապարակումը նշում է, որ, Ալիևը քննադատվում է նաև նրա համար, որ օգտագործում է Հայաստանի հետ հակամարտությունն ու ինչպես ինքն է անվանում «պատերազմական իրավիճակը» ընդդիմախոսության ճնշման համար: Պատերազմական իրավիճակի օգտագործման մարտավարությունը մարդու իրավունքների կողմնակիցներին ճնշելու համար, ըստ հրապարակման, կիրառվեց Ալիևյան ռեժիմի կողմից այս տարվա օգոստոսին, երբ բազմաթիվ քաղաքական ակտիվիստներ ձերբակալվեցին և բռնությունների ենթարկվեցին բանտերում: Հրապարակումը ընդգծում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խիստ անհրաժեշտությունը:

Radio Free Europe/Radio Liberty (Ազատություն ռադիոկայան) անդրադարձել է միջադեպի արձագանքներին«Միացյալ Նահանգները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի կործանմամբ» նյութում՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը իր մտահոգություն է հայտնել ադրբեջանական ուժերի կողմից ղարաբաղյան ռազմական ուղղաթիռի խոցման առիթով: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին բացառել է խնդրի ռազմական լուծումը՝ ընդգծելով լարվածության անկման ու զինադադարի պահպանման անհրաժեշտությունը: Ռադիոկայանը մեջբերում է հակամարտության երեք կողմերի՝ ադրբեջանական, հայկական և ղարաբաղյան պաշտոնյաների խոսքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ու ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի միջադեպի առիթով հայտարարություններն՝ ուղղված լարվածության թուլացմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը:ԵՄ ներկայացուցիչը նաև կոչ է արել անցկացնել հետաքննություն միջադեպի հետ կապված:

Բրիտանական The Guardian պարբերականը իր «Հայկական ռազմական ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ սպանելով երեք հոգու» հոդվածում գրում է, որ ուղղաթիռի կործանումը հաջորդել է երեք ամիս առաջ այս տարվա հուլիսի վերջին ծագած երկու կողմերի միջև զինադադարի կնքումից ի վեր ամենախոշոր ռազմական բախմանը, որին զոհ էին գնացել շուրջ 14 ադրբեջանցի զինվորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել