Բոլոր ԶԼՄ-ները, համացանցի կայքերը քանի օր է՝ տրաքում են Հայաստանի և Ռուսաստանի համատեղ շքերթի անցկացման մասին իրազեկումներից, քննարկումներից ու շահարկումներից:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի երկու օր առաջ Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են ԱՊՀ ՊՆ խորհրդի 2015 թվականի ծրագիրը: Նիստի ժամանակ քննարկվել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը համատեղ նշելու առաջարկը: Համաձայնություն է ձեռք բերվել մայիսի 9-ին Հայաստանում նաև այդ տարելիցին նվիրված կայանալիք համատեղ շքերթին ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի անձնակազմի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի մասնակցության վերաբերյալ:
Չգիտես ինչու, ում թելադրանքով, ինչ նպատակով որոշ քաղաքական գործիչներ, լրագրողներ, մեկնաբաններ, հասարակ ռուսատյացներ շատ հիվանդագին, տառապագին, ցավագին ցնցումների մեջ էին հայտնվել և զայրույթով էին ներկայացնում այդ լուրը:
Նրանք հավանաբար մոռացել են, թե ինչ է նշանակում Մեծ Հայրենականը հայ ժողովրդի համար… Մոռացել են Հայաստանի սահմանին Գերմանիայի դաշնակից Թուրքիայի զորքերի կուտակման, հայերին վերջնականապես ոչնչացնելու նրանց մտադրության մասին… Մոռացել են, որ իրենց պապերն էլ են մասնակցել այդ պատերազմին, և ոչ մի վարկաբեկող կամ տհաճ բան չկա համատեղ շքերթ անցկացնելու մեջ: Հետո սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ է անցկացվել համատեղ շքերթ այդ զորախմբի հետ: Այնպես որ, ատում եք, ատեք ռուսներին, բայց ոչ մոլագարության հասնող ատելությամբ ու ամեն ինչ սևացնելու հիվանդությամբ: Եվ պետք չի կապել ինքնիշխանության, ազատության, ինքնուրույնության կորստի հետ և վերամբարձ բառերով, դատողություններով խաղալ ժողովրդի զգացումների հետ…
Մենք ընդամենը ռազմավարական գործընկերներ ենք և կարող ենք, պարտավոր ենք անցկացնել համատեղ ուսումնավարժական հավաքներ, պարապմունքներ, զորախաղեր և ինչու չէ նաև շքերթներ… Եվ ի վերջո Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը միայն ռուսներինը չէ, դա ԽՍՀՄ բոլոր ազգությունների, Խորհրդային Միության ողջ ժողովրդի հաղթանակն էր, այդ թվում նաև հայերիս… Ուստի պետք է տոնենք, հիշենք, հպարտանանք մեր հերոսներով և զորավարներով ու անպայման շքերթ անցկացնենք՝ այդ օրը հիշելով նաև արցախյան գոյամարտի մեր հերոսներին, մեր բոլոր զոհերին, նշենք Շուշիի ազատագրման օրը, հաղթանակի և խաղաղության տոնը:



