Newmag.am-ը գրում է․

ընկերներս
Միայն ընկերներիս հետ եմ կարող ցույց տալ, թե այս աշխարհում ամեն ինչ կարգին է, և ուրախանալու համար նախատեսված պահերին պարզապես ուրախանալ: Ասես, հայ չլինեն: Ավելի շուտ՝ հայի տարտամ տեսակը չեն: Երբ խնդիր է ծագում, տրտնջալու, փնթփնթալու, վույ-վույ անելու փոխարեն արագ միջանկյալ լուծում ենք գտնում ու նորից ցույց տալիս, թե ամեն ինչ կարգին է: Այս շարքում են նաև ամուսինս ու զավակներս:

հայրս
Հայրս հայրս է, ընկերս չէ. սիրում է դժգոհել, բողոքել, ավելին, շատ համառն է արդարության համար պայքարելիս: Դեռ սովետի ժամանակներից եկած մի խնդիր լուծելու համար պայքարեց 25 տարի, երբ բոլորիս զահլան գնացել էր, ու համակերպվել էինք… Փոքր էի. մի օր դպրոց գնալուց առաջ տատս տանը չէր, ստիպված հայրս պետք է հյուսեր երկար մազերս: Հալումաշ արեց, դասից ուշացա, ինքն էլ քրտինքի մեջ կորել էր իր անվարժության պատճառով: Ամերիկայում հայրերի տոն կա. մենք ինչո՞ւ չունենք այդ օրը:

իմ ուսուցիչը
Ուսուցիչս հիմա արդեն իմ ընկերն է: Գլխավոր ուսուցիչս կողքիս էր, երբ փոքրիկ աղջիկ էի ու լրագրողական առաջին քայլերս էի անում: Հիմա էլի կողքիս է, բոլոր ընկերներիս կողքին: Իսկ ընդհանրապես բոլոր լավ մարդիկ իմ ուսուցիչներն են: Ես շարունակում եմ սովորել իմ ուսուցչապետից ու շարունակում եմ սովորել բոլոր լավ մարդկանցից, որոնք ինձ տալու բան ունեն: Սովորում եմ անգամ կողքիս աշխատող սկսնակ լրագրողից, իմ զավակներից ու ամուսնուցս, իհարկե: Մի նոր ուսուցիչ էլ ձեռք բերեցի վերջին տարիներին. համացանցը` այնտեղ լցված միլիոնավոր խելոք մարդկանցով:

իմ քաղաքը
Իմ քաղաքն իմ փողոցն է. մոտ կես դար է` այստեղ եմ: Բայց կարծես մի երկու հազարամյակ առաջ էլ այստեղ եմ եղել, երբ Չարենցի փողոցի այս բազալտե ժապավենը գետի տակ է եղել (ուղղակի զգում եմ): Եվ Գետառը մի մեծ, շատ մեծ գետ է եղել. մի ափից մի քիչ հեռու` Էրեբունի ամրոցը, մյուս ափին` Նորքի բարձունքում՝ էլի մի ամրոց: Ու այդպես էլ ապրում եմ երկու ամրոցների արանքում՝ գետի հին հունի մեջ, որտեղ մի փոքրիկ նավակ ունենալն արդեն անիմաստ է, որովհետև կապուտակ ծովին հասնելու հեռանկարը չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել