«Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաև մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաև դատապարտող երանգներ. «Մերոնք որ թասիբ ունենային...», որին հաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ՝ մորթել այժմ դատարանի առաջ կանգնած ադրբեջանցի դիվերսանտներին:

Նման դատարկ հոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ՝ պարպել սեփական բացասական էներգիան, որը հոգեբանորեն հասկանալի է: Իսկ երկրորդը՝ ձևանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցավում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը և գրել «դաժան նախադասություններ»: Որքան դաժան կամ մասշտաբային է առաջարկած վրեժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը և ազգիդ: Որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների գործած հանցագործությունը չպիտի անպատասխան մնա՝ դա պարզ է: Բայց հիշենք հին ճապոնական ասացվածքը [որը երբեմն սխալմամբ վերագրում են Ստալինին]՝ վրեժն այնպիսի ուտելիք է, որ պետք է սեղանին մատուցել սառը տեսքով:

Պետք է ասպարեզը թողնել մասնագետներին. զինվորականները անշտապ և մանրակրկիտ կմտածեն կանխարգելիչ քայլերի հերթականությունը, ինչի շնորհիվ հակառակորդը երկար ժամանակով, հուսով եմ, կկորցնի ոտնձգություններ կատարելու ցանկությունը»,–գրում է թերթի խմբագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել