Հայտնի է, որ հայկական կողմի պատասխանները, զինադադարի կնքման օրվանից ի վեր, երբևէ համարժեք չեն եղել: Երկու տարի առաջ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, Հայաստանի նախագահը «հատուկ հանձնարարություն» տվեց ԱԱԾ տնօրենին: Միայն տգետները չկռահեցին թե ինչ հանձնարարություն էր դա: Սակայն, մինչ այսօր հանձնարարությունը կատարված չէ, և դժվար թե երբևէ ի կատար ածվի: Առավել լուրջ «հանձնարարություններ» են եղել աշխարհում. ամենահայտնին՝ Սալման Ռուշդիի դեմ հռչակված ֆաթվան, որ նաև ֆինանսական կողմ ուներ: Շուրջ մեկ տասնամյակ բրիտանական ոստիկանության պահպանության տակ գտնվող և թաքնվող Ռուշդին այսօր Նյու Յորքի տարբեր բարձրաշխարհիկ բարերում ոչ այնքան բարձրաշխարհիկ կանանց հետ տարբեր խմիչքներ է վայելում: Ինքս եմ տեսել, տեսել եմ բազմիցս: Օգոստոսյան դեպքերից հետո հայկական զինուժը գրեթե Հիմալայան մի քանի չվերահսկվող բարձունք գրավեց: Դա ներկայացվեց որպես մեծ նվաճում, և հարցը փակվեց: Գուցե և ճիշտ են այն լուրերը, թե նաև մի քանի պատժիչ խրամատային գործողություններ իրականացվեցին: Սակայն այդպես չեն պատասխանում: Դա պատասխան չէ և սեփական ուժի ստուգարքի հանձնում չէ: Փոխանակ Իսրայելին միայն քննադատելու (Ադրբեջանին աջակցելու առումով լիովին տեղին), պետք է ուսումնասիրել հրեական պետության ռազմական դոկտրինը, հրեական ազգային գաղափարախոսությունը (որն այնքան անմտորեն ատում են հայերը) և պատմական ու այսօրվա փորձը և բառացիորեն կրկնօրինակել այդ ամենը, եթե ուզում եք՝ կապկել, այո՛ կապկել: Իսրայելի ռազմական քաղաքականությունը կարելի է քննարկել, այն մեծ սխալներ ունի իր մեջ, կարելի է քննադատել, կարելի է չընդունել, սակայն չհարգել՝ չի կարելի: Այդ երկիրը մեզ պես շրջապատված է թշնամիներով, սակայն, ի տարբերություն մեզ, հստակ հասկանում է՝ որոնք են իր գոյատևելու երաշխիքները:
ՊՆ խոսնակի հայտարարությունը բավական բարձրահունչ է: Այն ենթադրում է պատասխանատվություն սեփական ժողովրդի հանդեպ, որն արդեն բարձրաձայն դժգոհում է, որ արձագանքներն ավանդաբար ամպագորգոռ են, սակայն իրականում անատամ: Հիմա ժամանակն է ցույց տալու, որ խաղաղ և սեփական մորթվելը օբյեկտիվ պայմաններով անընդհատ բացատրող ու իր «զսպվածության» «իմաստնության» մեջ համոզված պետությունը պետք է վերանայի սեփական մոտեցումներն ու անմիտ պահվածքը: Պատերազմից չպետք է վախենալ: Այն միևնույն է՝ անխուսափելի է: Եվ եթե պետք է պատերազմ լինի՝ ապա առաջին հաղթանակներն անպայման նախահարձակ կողմին են պատկանելու:
Արցախյան պատերազմի ամենաարդյունավետ հերոսներից և Հայաստանի երկու լավագույն վարչապետներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի դիրքորոշումը միակն է ու լավագույնն է, որ պետք է որդեգրել: Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման:
Տեսնենք, սպասենք... Ու չմոռանանք պահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել