1947թ.-ից մինչև 1953թ. Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Միր Ջաֆար Բաղիրովը պարբերաբար մեղադրում էր Հայաստանին «բուրժուա-ազգայնական»-ության մեջ: Դա սկսվեց Մարիետա Շահինյանի «Խորհրդային Անդրկովկաս» գրքի հրատարակությունից հետո, որտեղ հեղինակը Ղարաբաղն անվանել էր «Հայաստանի կտոր», և ապա շարունակվում էր առիթ-անառիթ: Հայաստանում պատմական անցյալի մասին գիրք էր հրատարակվում՝ Ադրբեջանում վայնասուն էին դնում «Հայկական անջատողականության և նացիոնալիզմի» մասին, և Բաղիրովը դիմում էր ԽՍՀՄ կենտկոմ, պահանջում էր դրանք հանել շրջանառությունից և այլն: Եվ Հայաստանի կուսակցական ղեկավարությունը հանում էր, խոնարհաբար նիստեր էր անում և դատապարտում հայկական գիտության, գրականության ու մշակույթի «բուրժուա-դաշնակցական նացիոնալիզմը», «զտումներ» էր անցկացնում գիտական թեմաների հաստատումներում... 1947թ. Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ «Լրաբեր»-ում հրատարակվեց Հ.Աբդուլաևի գրախոսականը Աբգար Հովհաննիսյանի 1945թ. հրատարկված «Հովսեփ Էմին» և «Ռուսաստանը և հայ ազատագրական շարժումը 18դ. 80-ական թթ.» մենագրությունների մասին, որում Աբդուլաևը Ա.Հովհաննիսյանին մեղադրում է «պատմական իրադարձությունները լուսաբանելիս բուրժուա-ազգայնական հայացքներ» վերածնելու մեջ, հայկական պետականության վերականգնման փորձերը գնահատում է որպես արկածախնդրություն, իսկ ազգային ազատագրական գործիչներին որակում է առևտրականներ և ֆեոդալա-կղերական գործամոլներ: Այս դեպքում նույնպես Հայաստանում խնդրի քննարկումը տեղափոխվում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրո, և գրքերը քննադատվում են «հայ և ադրբեջանական բարեկամության ամրապնդման» դիրքորոշումից: Իսկ 1947 թ., երբ Ադրբեջանում բացահայտ ու կոպտորեն յուրացվում՝ թրքա-ադրբեջանացվում էր պարսիկ բանաստեղծ Նիզամու գրական ժառանգությունը, սեպտեմբերի 27-ին Երևանում Նիզամու ծննդյան 800-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասվում էր. «Բուրժուական գրականագիտության «զոհերից» մեկն էր Ադրբեջանի հանճարեղ բանաստեղծ Նիզամի Գյանջևին, որ երկար ժամանակ օտարացված էր հարազատ ժողովրդից։ Սովետական գրականագիտությունը ադրբեջանական ժողովրդին վերադարձրեց նրա ազգային հանճարը...»: Այլ կերպ ասած՝ Բաղիրովի ինքնավստահ ագրեսիային արձագանքում էր խոնարհ համաձայնողականությամբ: Մյուս կողմից որքան համաձայնողականություն էր ցուցաբերում Հայաստանի կուսակցական ակտիվը, այնքան մեծանում էր Ադրբեջանի կուսակցական ակտիվի հարձակողականությունը: Արդյունքում աստիճանաբար նախապատրաստվեց 1949թ. հայկական մեծ բռնաքսորը: Իհարկե, Բաղիրովն ի դեմս Բերիայի և Ստալինի «ամուր թիկունք» ուներ, և այսպես շարունակվեց մինչև Ստալինի մահը, Բերիայի և Բաղիրովի ձերբակալությունն ու մահապատիժը: Այս ամենը գրեցի միայն ասելու համար, որ ղարաբաղյան պատերազմում հաղթած Հայաստանի «կուսակցական ակտիվը» երբեք չհամարձակվեց առաջնորդվել հաղթողի տրամաբանությամբ, երբեք չհամարձակվեց բանակցությունների հիմքում դնել իր «հպատակներին» ջարդող ադրբեջանական քաղաքականությունը՝ Սումգայիթի, Բաքվի, Շահումյանի հայկական ջարդերը, Ղարաբաղի գնդակոծությունները, և բանակցությունների տրամաբանությունը ձևակերպվեց ադրբեջանական օրակարգով: Մեծ հաշվով այսօր նույնն է շարունակվում՝ Ադրբեջանական քարոզչամեքենան հարձակվողական է, հայկական դիրքորոշումը՝ պաշտպանողական: Կարծում եմ՝ հայկական ուղղաթիռների դեմ գնդակոծությունը և ուղղաթիռներից մեկի կործանումն այս շարքից է: Մի՞թե հայկական դիվանագիտությունը հիմա էլ չի համարձակվելու բարձրաձայնել շարունկավող ագրեսիան: Թուրքիան մի կողմից է հարևաններին ահաբեկում, Ադրբեջանը՝ մյուս կողմից, և երկուսն էլ աղմուկ-աղաղակով պահանջում են, որ աշխարհը ճանաչի իրենց ոտնահարված իրավունքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/408524395966509
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել