Երեկ Ռ-Էվոլյուցիա հաղորդման հյուրը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էր: Անկախ նրանից, թե հնչեցված տեսակետներից մի մասի հետ համաձայն եմ, մյուսների հետ ոչ, այդուհանդերձ հանուն արդարության պետք է նշեմ՝ մարդը գրագետ է ու պատրաստված, փորձառու քաղաքական գործիչ է, խոսքը հստակ է ու բովանդակալից: Ինձ շատերը կարող են հիմա մեղադրել, թե գովում եմ Բաղդասարյանին, բայց նույն մարդիկ չեն կարող չհամաձայնել ասածիս հետ: Ուրիշ խնդիր, երբ քաղաքական տեսանկյունից ենք նայում Արթուր Բաղդասարյանին: Նա հասարակության մի հատվածի կողմից ընդունված է, մի ուրիշ հատվածի կողմից՝ ոչ: Ինչպես ինքն էր հաղորդման ժամանակ նշում՝ ի՞նչ վատ բան կարող ենք ասել Բաղդասարյանի մասին: Այո, թերևս միայն այն, որ 2008թ. կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ: Բայց զարմանալիորեն մոռանում ենք, որ նույն Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեցին նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ի՞նչ է Բաղդասարյանի «ճաշի մեջ աղ չկա՞»: Ուրիշ վատ բան այս գործչի հետ կապված կարծես դժվար է գտնել: Այդուհանդերձ այսօր չկա մի կուսակցություն, որը նախկինում իշխանության մեջ չի եղել, հետո ընդդիմություն կամ այլընտրանք չի դառել: Քաղաքականության մեջ հավերժ ընդդիմություն կամ հավերժ իշխանություն չեն լինում: Սա պարզ ճշմարտություն է:
Ինձ համար կարևորն այն է, որ նա դուրս եկավ կոալիցիայից, որովհետև Լիսկաների, Շմայսերի, Թոխմախների ու Բուռնաշների հետ աշխատելը վաղ թե ուշ հղի է քաղաքական ապահարզանով: ԲՀԿ-ն դա արեց մի տարի շուտ, ՕԵԿ-ը մի տարի ուշ, ՀՅԴ-ն 1,5 տարի ավելի վաղ: Դա չէ կարևոր: Կարևորն այն է, որ այսօր մեր մի բուռ երկիրը վատ, շատ վատ վիճակում է, իսկ գործող իշխանությունն այլևս ի զորու չէ լուծել մեր հասարակության խնդիրները, և նման իշխանության հետ աշխատելը պարզապես անիմաստ է: Վերջիվերջո ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է, ինչ ուզի կանի, ոնց ուզի կքվեարկի, և ցավալի է, որ ոչ ՕԵԿ-ը, ոչ ԲՀԿ-ն, ոչ մյուսները չեն կարող խանգարել ոչ հիմա, ոչ էլ 2 կամ 5 տարի առաջ:
Ինչևէ, հաղորդման ժամանակ նոր ու հետաքրքիր տեսակետներ հնչեցին ՕԵԿ ղեկավարի կողմից: Պարզ դարձավ, որ Արթուր Բաղդասարյանը քաղաքական գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու մեկնարկն ազդարարեց: Խոստովանենք՝ քաղաքական զարգացումները հետաքրքիր են դառնում: «Մարտի են դուրս գալիս» այլևս բոլորը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=367036913473813&id=100005025218444
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել