Բարև Ձեզ, Պետրոս, ճիշտն ասած, Դուք ինձ ծայրաստիճան դուր չեք գալիս որպես հաղորդավար, ու միակ տրամաբանական բացատրությունս, որ Ձեզ պես մարդուն դեռ հանդուրժում են եթերում, կարծում եմ այն է, որ Կենտրոնի լոգոտիպի պես կլոր եք ու ինչպես պարզեցի՝ նաև տափակ։ Կներեք, որ մի քիչ վրդովված եմ գրում նամակս, բայց քիչ առաջ եմ դիտել Ձեր վերջին թողարկումը, որտեղ Ձեր հյուրը Խոսրով Հարությունյանն էր, ու անկեղծ ասեմ, տրամադրված եմ Ձեզ մի լավ նախշել։
Եկեք մի փոքր Խոսրովի մասին խոսեմ, ապա նոր անցնեմ Ձեզ։ Էսպես ասած, Ձեզ թուլանալու և տրամադրվելու ժամանակ տամ։ Իհարկե Խոսրովը կռուտիտի մեծ մասնագետ է, խուսափում է ուղիղ պատասխաններից, գուցե լրիվ ազնիվ չէ, բայց, եթե անկեղծ լինենք, նա վատ հանրապետական չէ ու որպես հանրապետական՝ եթերի ընթացքում իր պարտականությունները կատարեց շատ լավ։
Պարտականությունը հրաշալի կատարել եզրույթն իհարկե Ձեզ հետ կապ ունենալ անգամ չի կարող, որովհետև կարծում եմ՝ ինքներդ էլ զգացել եք կամ եթե չեք զգացել, Ձեզ զանգել և բացատրել են, որ տապալվել եք ու բացի դա՝ եթերում շեֆերի մասին ակնարկները ցանկալի չեն։
Պետք է նկատեմ, որ հաղորդման ողջ ընթացքում չկարողացաք Խոսրովին նեղը գցել, որքան էլ Ձեզ պատռում էիք դա անելու համար։ Շատ թույլ էին Ձեր հակափաստարկները սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության ու կառավարման հայեցակարգերի վերաբերյալ։ Շատ վատ պաշտպանեցիք նաև եռյակին ու վատ ներկայացրեցիք նրանց դիրքորոշումները։ Ու երբ դա հասկացաք վերջում, միակ շահեկան դիրքը, որը կարողացաք գրավել տոտալ տապալումից խուսափելու համար, պրիմիտիվ հարցեր տվող ու ակնհայտ հակափաստարկները չընկալող ու իրենը պնդող կուսակցականի դիրքն էր։ Իհարկե, միամտություն է ավելին անկնալել տնային տնտեսուհիների համար անհույս աշխատող հաղորդավարից։
Այնուամենայնիվ, Խոսրովն էլ ուշ հասկացավ, որ անիմաստ է Ձեզ բան բացատրել, քանի որ իմաստ չունի տանջվել բան հասկացնել մի մարդու, ով աշխատավարձ է ստանում չհասկանալու համար։
Հավանաբար Պոզների մոտ ուսանածը Ձեզ ոչինչ չի տվել, որովհետև Դուք չեք հասկանում, թե ինչ է հարցազրույց վարելը։ Ասեմ, որ երբ նյարդայնանում եք, ընդհանրապես դադարում եք դիմացինին հերթ տալ, ու անիմաստ է դառնում հյուրի ներկայությունը տաղավարում։ Եվ Դուք եք նյարդայնանում և մեզ եք նյարդայնացնում։ Գուցե Կարապետիչի ֆորմատը Ձեզ ավելի հարազա՞տ է։ Նստեք, հանգիստ խոսեք մեն-մենակ, ինչի՞ եք տառապում։ Կամ էլ եթե այդքան թույլ եք բանավեճի մեջ, հյուր կանչեք բացառապես Մելքումյաններին ու Իսագուլյաններին ու սիրահարված աչքերով նայեք նրանց։ Դա ավելի ազնիվ տարբերակ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել