ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՆ
Միշտ մեծ ուրախությամբ եմ կարդում Ձեր գրությունները, որոնցում կա ամեն ինչ՝ իրականությունից մինչև՝ Գյուլնառ տատի հեքիաթները։ Հիանում եմ՝ որպես արվեստագետ Ձեր «արվեստաբանական» երկունքներով, որտեղ ռեալիզմը, խառնված սյուրռեալիզմին, ձևավորում են այնպիսի երևակայական թռիչքներ, որոնց նախանձով կնայեր նույնիսկ մեծն Դալին։
Կան գաղափարներ, որոնք շարադրվում են ճշմարտությունը բացահայտելու նպատակով և կան «ճշմարտություններ», որոնք շարադրվում են ճշմարտությունը քողարկելու, կեղծիք տարածելու, ցեխոտելու կամ մրոտելու մեկին, ով մտահոգ է իր ԵՐԿՐԻ, ԱԶԳի և Սրբազան Եկեղեցու ապագայով։
Կյանքում քիչ չեն նաև պրոֆեսիոնալ օղիաբանները, որոնք ամեն անգամ բաժակը դատարկում են ցմրուր։ Ապա մրուրապատված մտաերևակայությամբ շարադրում են մտքեր՝ դիմացինին մրուրապատելու միտումով։
Վերջերս ուրախություն ունեցա ընթերցելու մրուրաշաղախ մի գրություն, որի տակ արդարության մարտիկիդ անունն էր ամփոփված, ուր խոսվում էր մի փաստաթղթի մասին, որը, որպես բողոք, ուղարկվել է ԱԱԾ։ Ինձ ապշեցրեց ձեր նման «արդարի» անարդար շարադրանքը, երբ փորձել էիք կատարվածը խեղաթյուրված ներկայացնել, որպեսզի ընթերցողներից և ոչ մեկը չհասկանար խնդրի բուն էությունը։ Այսինքն, կոծկելով Ստեփան Դանիելյանի՝ իմ դեմ ուղղած բողոք նամակը, որում վերջինս պահանջում է Ազգային Անվտանգությունից, որ ինձ դատեն ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու): Փառք Աստծո, որ 1938 թ. չնայած ոմանց մտքում և հոգու մեջ է, բաց հեռու է մեզանից, այլապես կարող էի հայտնվել «Ալթայան հանգստատանը»։ Եթե շարադրում եք մի բան, գրեք ամբողջական ճշմարտությունը, այլ ոչ թե ցանկալի «շարադրանք»։
Երկրորդ «բացահայտումը», կատարված Ձեր կողմից, որի մասին արդեն մի քանի անգամ է՝ անդրադառնում եք, չեմ կարևորել, նկատելով այն՝ որպես Ձեր հերթական ներշնչվածությունը Գյուլնառ տատից։ Չգիտեմ, ո՞ր փաստաթուղթը հիմք ընդունելով եք հայտարարում, թե Մարսել քաղաքի ամենաթանկանոց ձկան ռեստորանը պատկանում է ինձ։ Իրականությանը չհամապատասխանող հերթական «հալուցինացիա»։ Նախ նշեմ, որ Եվրոպայում չես կարող գործատեղ բացել, այն էլ ռեստորան՝ առանց գլխին կանգնելու և այդ կերպ դրական ընթացք ձևավորելով։
Եվ, վերջապես, ամենակարևոր մեղադրանքը։ Վանաձորի Հայորդյաց տան բարերարը կառույցի համար տրամադրել է հինգ միլիոն դոլար, շինարար Արթուր Հակոբյանն ասել է, որ իրեն տվել են ընդամենը 1,5 միլիոն, հետևաբար երեք և կես միլիոն դոլարը յուրացրել է Կոմիտաս վարդապետը։ Ցավում եմ, որ երբ հարբուխային կարմրաքթությունն անցնում է ուղեղային մթագնացությանը, մտածումները ձևավորվում են յուրահատուկ, այսինքն՝ իրականությունից հեռացած։
Հարգարժան «արվեստաբան» Մայր Աթոռի գումարները տնօրինում է միայն ու միայն մեկ բաժին՝ ֆինանսական բաժինը, Մայր Աթոռի տնօրենների ձեռքը ոչ մի դոլարին, դրամին անգամ չի կպնում։ Այս իմիջայլոց, որպեզսի հետայսու ծիծաղելի իրավիճակի առաջ չհայտնվեք։ Ի դեպ, գերմանացի բարեկամներիցս մեկը մի առիթով իր հարևանին գեղեցիկ մի խորհուրդ տվեց. «Երբ, որպես մտավորական, անդրադառնում ես մի նյութի ճշմարտացիությունը վեր հանելուն, չմոռանաս այնտեղ ներկայանալ որպես բարոյական արժեքի կրող, բայց ոչ «պարֆում դե առաղ»-ի բուրողը միայն»։
Ապրեք միշտ կապույտ երկնակամարի ներքո խաղաղ և երջանիկ։
Մնամ միշտ Ձեր և ընտանյաց բոլոր անդամների համար աղոթող.
Կոմիտաս վարդապետ Հովնանյան