Ilur.am-ը գրում է․
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խստացրել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի պայմանները: Օրերս նույնիսկ ԱԺ պատերին են հայտնվել խորհրդարանում աշխատող լրագրողների պարտականությունները թվարկող թերթիկներ, որոնք, մասնավորապես, հիշեցնում են, որ լրագրողը պարտավոր է «հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»: Կանոնները խախտելու դեպքում «կարգազանց» լրագրողները կզրկվեն հավատարմագրերից:
Սակայն, կարծես թե, Թովմասյանը փորձում է կանոնակարգել միայն լրագրողների աշխատանքը: Իսկ ահա ՀՀ բարձրագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային ժողովի բուֆետը աշխատում է առանց ԱԺ հետ որեւէ պայմանագրի, «ախպերական հիմունքներով», այստեղ խախտվում են սանիտարա-հիգիենիկ կանոնները, իսկ գնորդներին ՀԴՄ կտրոններ չեն տրվում:
iLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են բուֆետի վաճառողուհիները հաճախորդներին սպասարկում առանց պարտադիր համազգեստի, ընդ որում՝ այստեղ «վաճառողը նաեւ գանձապահ է». նույն աղջիկներն առանց ձեռնոցի սնունդ են տալիս մարդկանց ու դրա դիմաց դրամ են ստանում, ինչպես նշեցինք՝ առանց ՀԴՄ կտրոն տալու: Իսկ բուֆետը սպասարկող «Դավիթ եւ Սարգիս Խանոյաններ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Նավասարդյանի հետ զրույցից պարզվեց, որ ՀԴՄ չեն տալիս, որովհետեւ «հարկային դաշտում չեն աշխատում»: Փաստորեն, պարտադիր օրենքներ ընդունող բարձրագույն մարմնի հենց սրտում (կամ որովայնում) խախտվում են միանգամից մի քանի օրենքներ, որոնք խախտելու դեպքում ցանկացած հայաստանցի հասարակ ձեռներեցի ոչ միայն կտուգանեին հարյուր հազարավոր դրամներով, այլեւ քրեական պատասխանատվության կենթարկեին՝ ապօրինի առեւտրային գործունեություն ծավալելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ