Թող ների ինձ Հայկ Մարությանը, որ շատ ու շատ մեր հայրենակիցների նման միայն գովեստի խոսքեր չեմ ասելու նրա «Սուպեր մամա» ֆիլմի մասին։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ անաչառ ու անկողմնակալ խոսքի կարիք նույնպես կա, ու մեր Հայկն ինձնից շատ չի նեղանա այս գրառմանս համար։
Ֆիլմը մի քանի օր առաջ դիտեցի։ Ասեմ, որ ֆիլմի PR-ը շատ գրագետ արվեց, որովհետև, ինչպես նկատում եմ, մարդ չկա, որ դրա մասին չխոսի։ Իսկ քանի որ Հայկոն դրական կերպար է, բոլորը նրա ֆիլմի մասին խոսում են շատ դրական՝ հավանաբար իրենց ընկերոջը ու սիրված դերասանին չնեղացնելու համար։ Բայց ֆիլմը, ինչ խոսք, հեռու էր կատարյալից։
Ֆիլմը մեկ անգամ դիտելու համար է։ Այն նկարված է այն ֆորմատում, որում նկարվում են մեր վերածնված կինոինդուստրիայի վերջին շրջանի ֆիլմերը՝ հումորային ու լի պատահականություններով։ Սյուժետի հիմքը կարծես հենց պատահականություններն են, որոնք, որպես կանոն, զավեշտալի են, անսպասելի ու ծիծաղեցնող։ Բայց քանի որ այդ նույն պատահականությունների վրա հիմնված սցենարները տեսել էինք «Շարմի» նախորդ ֆիլմերում («Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր»), դրանք այս անգամ այդքան էլ չոգևորեցին։ Իսկ զուտ օպերատորական աշխատանքի մասով ֆիլմը զգալիորեն զիջում էր «Շարմի» ֆիլմերին։ Նրանք շատ ավելի գունեղ էին ու ավելի պրոֆեսիոնալ նկարահանված։
Հայկոյի մոտ հումորն ակնհայտորեն շատ ավելի լավ է ստացվում, քան ռոմանտիկան։ Ֆիլմի ռոմանտիկ դրվագները պրիմիտիվ էին, իսկ հուզող պահերը՝ ծիծաղելի։ Հատկապես հավատ չներշնչեց այն պահը, երբ ֆիլմի հերոսուհին ասաց, որ հոր հետ արդեն մի 10 տարի է՝ չի խոսում, որովհետև հայրը ժամանակին ինչ-որ դպրոց է քանդել ու տեղը օբյեկտ կառուցել։ Հայկը փորձել էր աղջկան դրական փայլ հաղորդել, բայց դա ստացվել էր անհաջող։
Ֆիլմի հիմնական հաղթաթուղթը հումորն էր։ Ինչ խոսք, մեր երկրում Հայկոյի հումորի հետ ոչ ոչ ոտք մեկնել չի կարող։ Այս տղայի ձեռքը հումորի զարկերակի վրա է, ու նա ավելի լավ, քան բոլորը, գիտի, թե ինչպես է պետք ծիծաղեցնել հանդիսատեսին։ Երբեք ոչ մի ֆիլմի վրա այսքան չէի ծիծաղել։ Հայկոն իրոք վիզ էր դրել, ու շատ շատ շատ հումորով բան էր ստացել։ Կերպարները նույնպես ընտիր էին։ Հատկապես շատ եմ հավանել տաքսի սերվիսի տիրոջ կերպարը ու դեռ երկար կհիշեմ։ Հայկոն նաև լավ ցիտատների վարպետ է։ Ժամանակին, երբ կարգին հաղորդման հերթական հոլովակն էր դուրս գալիս, շատ ու շատ ցիտատներ հիշվում էին, ու ժողովուրդը սկսում էր գործածել դրանք։ Նույնն էլ այս ֆիլմից հետո եղավ։ Հայկոն գիտի ինչպես անել, որ իր ցիտատները հիշեն։
Շատ եմ ծիծաղել ֆիլմի հիմնական բացասական հերոսի վրա։ Գարիկը ընտիր մարմնավորեց իր դերը։ Շատ հետաքրքիր էր նաև այդ վատ ու զզվելի հերոսի անունը։ Հայկոյի քաղաքացիական պայքարներին հետևած մարդը միանգամից գլխի է ընկնում, որ ֆիլմի վատ հերոսի անունը նա դրել է Մենուա՝ ի պատիվ Հայաստանի ամենասապունչի, անհաջող, չսիրված մարդու՝ Մենուա Հարությունյանի։ Հայկոն ու Մենուա Հարությունյանը հաճախ էին խաչվում իրար հետ ցանցում, երբ «100 դրամների» ակցիաների ժամանակ սապունչին Հայկոյին թիրախավորում էր։
Մի խոսքով, ֆիլմն ընդհանուր առմամբ լավն էր, ու չնայելով մեծ բան կկորցնեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել