Life.panorama.am-ը գրում է․

Ստեփանավանում հանդիսավորությամբ կբացվի Սոս Սարգսյանի հուշարձանը

Նախորդ տարի սեպտեմբերին կյանքից հեռացավ հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Սոս Սարգսյանը: Որոշ ժամանակ անց Սոս Սարգսյանի ծննդավայրի՝ Ստեփանավանի քաղաքային իշխանությունները քննարկում էին վարպետի հուշարձանի ստեղծման գաղափարը: Այն երկար չտևեց, կարճ ժամանակ անց որոշում կայացվեց Ստեփանավան քաղաքում տեղադրել հայ  անվանի դերասանի հուշարձանը։ Այդ գործում քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին աջակցում է ծնունդով Ստեփանավանից, ռուսաստանաբնակ գործարար Արտավազդ Բարխուդարյանը:  

Մեկ տարի անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին Ստեփանավան քաղաքում տեղի է ունենալու անվանի դերասան Սոս Սարգսյանի հուշարձանի բացման արարողությունը: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ Նազելի Ավագյանը: Հուշարձանը տեղադրվելու է Ստեփանավանի քաղաքային այգում: «Տեղադրման վայրը պատահական չէ ընտրված: Այգու հարակից հատվածում վարպետի անունը կրող փողոցն է, որը Սոս Սարգսյանի անունով անվանակոչվել է նախորդ տարի: Հենց այդ փողոցում է գտնվում մեծ վարպետի հայրական տունը»,-ասաց Նազելի Ավագյանը:

Մեծանուն դերասանի հուշարձանի ստեղծման պատասխանատու գործը վստահվել է քանդակագործ  Դավիթ Մինասյանին: «Աշխատանքները սկսել եմ ուղիղ մեկ տարի առաջ՝  2013 թվականի հոկտեմբերին: Ես աշխատում եմ այն թատրոնում, որը ստեղծել է Սոս Սարգսյանը: Վարպետի հետ մենք միասին  աշխատել ենք բավական երկար տարիներ: Այսինքն՝ ես նրան գիտեմ և որպես մասնագետի, և որպես մարդու: Բնականաբար իմ աշխատանքում դա ինձ օգնում էր»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել