Այն չափորոշիչներով, որով հասարակությունն իր համար լիդեր է ընտրում, նրանք ընդունակ չեն այսօրվա իրավիճակում որեւէ բան փոխել` լինի Լ. Տեր-Պետրոսյանը, թե մեկ ուրիշը: 1988թ. հունիսին բոլորը գոռում էին` «Ղարաբաղը մերն է», բայց ոչ ոք կոնկրետ գործողություն չէր անում: Հունիսի 15-ին պետք է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստ լիներ: Հինգ ընկերներով որոշեցինք հացադուլ անել` ընդառաջ այդ նիստին, որպեսզի Ղարաբաղի հարցը մտցնեն նիստի օրակարգ: Ղարաբաղ կոմիտեից մարդիկ էին գալիս ու մեզ չէին թողնում հացադուլ անենք: Հացադուլի առաջին գիշերը` հունիսի 3-ին, Խաչիկ Ստամբոլցյանը, Արմեն Մազմանյանը ու էլի շատերը ինձ ասում էին` պրովոկացիա ես անում, ինչո՞ւ ես հացադուլ անում: Ասում էին` քո պատճառով տանկերը կգան ժողովրդի վրա, եւ այլն: Ասում էի` բոլորս Ղարաբաղն ուզում ենք, բայց քայլ չենք անում: Մենք մեր պահանջները դրեցինք ու հացադուլ արեցինք: ԿԳԲ-ից էլ մարդիկ էին գալիս ու ասում էին` եթե մի բան լինի, քեզ կուղարկենք այնտեղ, որտեղից եկել ես, եւ այլն: Մայրս` իմանալով ԿԳԲ-ի սպառնալիքները, եկավ, խնդրեց, որպեսզի դադարեցնեմ, ու սպառնաց, որ չդադարեցնելու դեպքում` թույն կխմի: Ես էլ ասացի, որ եթե հացադուլ չանեմ` կինքնահրկիզվեմ: Եվ մայրս ԿԳԲ-ի տղաներին ասաց, որ ես իսկապես դա կանեմ ու ավելի լավ է հացադուլ անեմ: Ու եթե մեզ ԿԳԲ-ն պետության անունից էր խանգարում հացադուլ անել, շարժման ակտիվիստները դա անում էին ժողովրդի անունից: Բայց մենք չենթարկվեցինք նրանց ու շարունակեցինք հացադուլը: Հետո` շարժման ակտիվիստները մեր պահանջները բարձրաձայնեցին, ու մենք հասանք նրան, որպեսզի Գերագույն խորհրդի նիստում Ղարաբաղի հարցը մտնի ու դրական լուծում ստանա: Հասարակությանը թվաց, թե դա Ղարաբաղ կոմիտեի շնորհիվ էր, բայց այդպես չէր: Տարբեր փուլերում տարբեր լիդերներ են լինում: Բայց այդ ժամանակ ոչ միայն մեր թշնամին (տվյալ դեպքում` պետությունը), այլ հենց Ղարաբաղն ուզողների շարքն էր մեզ մեղադրում պրովոկացիայի մեջ ու մեզ շանտաժ էին անում: Ասում էին` եթե պայքարը տանեք անվնասության սահմաններում, այսինքն` ոչ ձեզ վնասեք, ոչ թշնամուն, ոչ մի արդյունքի չեք հասնի: Լիդերությունը միայն լավ հռետորությունը չէ: Իսկ այսօր լիդեր լինելու չափանիշը դարձել է լավ հռետորական ջիղ ունենալը: Դա էլ ամբիցիա է` նորմալ է, բայց կան իրավիճակներ, որ միայն դա քիչ է. անձնազոհության, անձնուրացության, խիզախության որակները կարեւոր են երբեմն: Գիտնական լինելը չափանիշ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի համապատասխանում հեղափոխության առաջնորդի չափանիշներին: Հեղափոխական մարդը չի կարող հայտարարի, թե` ես այսօր գնում եմ տուն, որովհետեւ երեխայիս ծնունդն է: Այսօր բոլորը հայտարարում են, թե լիդեր չկա: Թող իրենց միջից ընտրեն: Ումի՞ց է դժգոհում: Ի՞նչ է` լիդերը նա է, որ կրակեցին, ասաց` ժողովուրդ, փախանք տո՞ւն: Ժողովուրդը 2007-ին այդպիսի լիդեր ընտրեց: Ժողովուրդն իր դեմքով ու իր նմանությամբ է ընտրել 2007թ. իր լիդերին: Իշխանություններն էլ ասացին` դե Լեւոնն է, էլի, իր ձեւով կգա իր հարցերը վերեւների հետ կլուծի... Այդպիսի ժողովրդից ի՞նչ ես ուզում: Լ. Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասել` մարտի 1-ի ժողովուրդն իրենը չէր: Իր ժողովուրդը ոչ մի ակտիվ ու ագրեսիվ քայլերի չի գնացել: Նրանք չէին կարող քայլ կատարել: Իրենցից շատերն ասում են` իշխանափոխության պահեր են եղել 2008թ. փետրվարի 26-ին, մարտի 1-ին, բայց Լեւոնը դեմ է եղել, չի թողել: Ինձ չի հետաքրքրում, որ Լեւոնը դեմ է եղել, եթե իրենք արել են այնպես, ինչպես Լեւոնն է ասել, ես էլ ասում եմ, որ իր ժողովուրդը` հանձինս իր առաջնորդի, վախկոտություն է դրսեւորել: Վախկո՞տ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել: Ես այնտեղ մարդիկ գիտեմ, ովքեր լավ էլ համարձակ են, բայց փաստացի իրենք խիզախությունը չեն ցուցաբերել: Օրինակ, Կարեն Դեմիրճյանն ու Ստեփան Դեմիրճյանն ընտրություններից հետո բողոքեցին արդյունքներն ու դրանով բավարարվեցին: Բայց եթե Լ. Տեր-Պետրոսյանը խոսում է հեղափոխության մասին, ու նման իրավիճակ ստեղծվելու դեպքում կեսից գնում է տուն, ապա ես կարող եմ հայտարարել, որ լիդերի պատճառով, թե լիդերով հանդերձ` այդ շարժումը վախկոտություն է ցուցաբերել: Նման շարժումները չեն կարող վախկոտ մարդիկ ղեկավարել: Նապոլեոնն ասում էր` ոչխարների հոտ առաջնորդող առյուծը ոչխարներին դարձնում է առյուծներ, իսկ առյուծներին առաջնորդող ոչխարը առյուծներին դարձնում է ոչխարներ: Դա ես չեմ ասել, Նապոլեոնն է ասել: Էլ ի՞նչ ասեմ: Հեղափոխությունը մահացու հարված է երեք նախագահների համար: Եվ ես ասում եմ, որ 2013թ. ՀՀ-ում ես կանեմ հեղափոխություն: Հասարակությունը պետք է որոշի` հեղափոխական առաջնո՞րդ է ուզում, թե՞ դատարկ ինտելիգենտիկներ: Եթե ուրիշ լիդեր չի կարողանում ընտրել, ուրեմն` թող այդպես թշվառության մեջ մնա: Քանի որ մեր հասարակությունը վախկոտ է, այդ վախի հաղթահարումն, ըստ էության, պետք է լինի առավել հալածանքի շնորհիվ: Այդ կոնդիցիան եղավ, ու Լեւոնն այն պարպեց մարտի 1-ով:
Հասարակության այն հատվածը, որը պատրաստ է իրական փոփոխությունների, շատ լավ հասկանում են, որ այս ընդդիմությունը հեղափոխական չէ: Այն տղաները, որոնք մարտի 1-ին կռիվ էին անում` փայտով, քարով, շշերով, նրանք չեն կորել. նրանք տեսել են, որ լիդերն այն չէ, գնացել իրենց տներում սպասում են: Լեւոնի 4 տարվա գործունեությունն ապացուցել է, որ ինքը հեղափոխություն չի ուզում, ու նա դա ասաց նաեւ իր բերանով: Իսկ նրանք, ովքեր շարունակում են հավատալ նրան, նրանք ցանկալին իրականության տեղ են դնում` փախչելով իրականությունից ու իրական հեղափոխությունից: Եթե իրական հեղափոխություն անող մեկը գնա հարթակ, իրենք կթողնեն` կգնան տուն ու կասեն` էս ո՞վ ա: Ու որպեսզի իրենք հասարակության աչքին վախկոտ չերեւան, պիտի ցեխ շպրտեն այդ մարդու վրա: Հիմա իրենց շատ հարմար է, մարդիկ գործի վրա են. մեկն իշխանության վրա է աշխատում, մյուսն` ընդդիմության: Քաղաքական ֆիգուրաներ են, պիտի ինչ-որ ձեւով երեւան: Դա նրանց «փեշակն» է: Իշխանությունը ոչնչացնում է սեփական ժողովրդի արժանապատվությունը ու դրանում դերակատարում ունի նաեւ ընդդիմությունը: Դա շատ մեծ հարված է հասարակությանը: Երբ դու ժողովրդին տարիներով ասում ես` սրանք սրիկա են, դավաճան են, ու հետո հատ-հատ նրանց համագործակցության կո՞չ ես անում: Այն, որ դու անսկզբունքային ես` մեղքը քո վիզը, դա քո պրոբլեմն է, բայց ինչո՞ւ ես հասարակության արժանապատվությունը ոտնահարում:
Ժողովուրդը եկել է հրապարակ, որ կոալիցիոն ուժերից ձերբազատվի` անկախ նրանից` լա՞վն է, թե՞ վատը, նրանց թշնամի ես հայտարարել, ասել ես` նրանք մարտի 1-ին մարդ են սպանել, ի՞նչ փոխվեց այս 4 տարիների ընթացքում: Ի՞նչ է` հանրաքվե են անցկացրել, ու ժողովուրդը համաներո՞ւմ է հայտարարել մարտի 1-ի հանցագործներին: Ես, օրինակ, համոզված եմ, որ դա ռուսական հատուկ ծառայություններն են արել: Դա իր գործն է, բայց թող հասարակության արժանապատվության հետ չխաղա: Մի կողմից` իշխանությունն է ոտնահարում ժողովրդի արժանապատվությունը, մյուս կողմից` ինքը: Ընդդիմությունը ժողովրդի ակտիվ հատվածի քթից բռնած պտտեցնում է մեծ շրջանակով ու տանում է իշխանության դրած տեղը` արժանապատվություն չունենալու հատվածի մեջ: Էլ ի՞նչ ասես, բան չկա ասելու: Ես ընդդիմությանը չեմ մեղադրում ճիշտ այնպես, ինչպես այս իշխանությանը: Եթե մեղադրում եմ, ապա նույն չափով: Ես նրանց համարում եմ ինձ թշնամի, իսկ թշնամուն ի՞նչ մեղադրեմ: Իմ հասարակության թշնամին իմ թշնամին է: - Շանթ Հարությունյան, 20 Դեկտեմբերի, 2011թ