Երևի աշխարհում հանդիպող ցանկացած մշակույթում հարս-սկեսուր հարաբերությունները աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ ու բնորոշ հատկանիշներով:
Հայկական մշակույթում հարս-սկեսուր ավանդական հարաբերությունները հիմնված են թունոտ հայացքների, խանդի, խոհանոցը և տղային կիսել չկարողանալու, երեխաների դաստիարակության <<ոչ ճիշտ>> կողմնորոշման և <<ոչ բարոյական>> կանացի կերպար ունենալու վրա: Նման կարծրատիպն անժխտելիորեն առկա է մեր մշակույթում ու հասարակության մեջ, չնայած որ այսօր տեսակետներն ու մտածելակերպը փոխվել են դեպի լավը, երբեմն էլ ավելի վատը:
Ինքս ամուսնացած չեմ, բայց բազմաթիվ հարս-սկեսուր <<իրար սպանոցի>> հարաբերությունների ականատես լինելով` ուզում եմ անհամեստորեն կիսվել մի քանի խորհուրդ-բացատրություններով, որոնց ի կատար ածումը հնարավոր է` դրական ազդի ձեր ապագա, ինչու ոչ, նաև ներկա հարսի կամ սկեսրոջ հետ հարաբերությունների վրա: Հարս-սկեսուր վատ հարաբերությունների <<մեղավորներ>> կարող են լինել երկուսն էլ: Այնպես, որ չի կարելի հարցը դիտարկել միայն մեկ տեսանկյունից: Կփորձեմ հարցին նայել թե սկեսրոջ, թե հարսի աչքերով.
1. Մայրական կամ կանացի խանդ
Եկեք խոստովանենք, որ մոր համար որդու ամուսնությունն իսկական, վերերկրային ուրախություն է, նամանավանդ հայկական մշակույթում: Մայրն արդեն տարիներ շարունակ սովոր է որդու կողմից, որպես իր կյանքի գլխավոր կին, մշտական մեծարանքի և սիրո արժանանալը: Ամուսնանալուց հետո տղան, իհարկե, իր սերը բաշխելու է մոր, քրոջ (եթե ունի) և կնոջ միջև: Միգուցե մայրական խանդը շատերիդ համար խորթ ու անցանկալի, անհասկանալի երևույթ է, այնուհանդերձ այն գոյություն ունի, և այն հասկանալ ու ըմբռնել կնոջ կողմից այդքան էլ սարսափելի չէ: Վերջապես չափի զգացողությունը չկորցրած մոր խանդը կարելի է հասկանալ: Նույնիսկ կարելի է մեղմացնել` որպես հարս ու որպես դուստր էլ ավելի ուշադրություն ու խնամք հատկացնելով սկեսրոջը:
2. Չարախոսություն սկեսրոջ կամ հարսի հասցեին օտար մարդկանց կամ թեկուզ բարեկամների ներկայությամբ
Սա ինձ համար անընդունելի երևույթ է: Որքան էլ որ <<սարսափելի>> լինի ձեր հարսը կամ սկեսուրը, կառաջարկեի չմոռանալ, որ սկեսուր լինելով` այդ պահին դուք առաջին հերթին ձեր որդուն և նրա ընտրությունն եք ոտատակ տալիս, հարս լինելով` ոտնատակ եք տալիս այն կնոջը, որին պարտական եք ձեր ամուսնուն մեծացնելու և ձեր կողքին տեսնելու համար: Ինչպիսի կին էլ որ լինի, նա առաջին հերթին մայր է, ինչպիսին ապագայում դուք` հարսներդ եք լինելու կամ կաք:
3.Սկեսուրը խցկվում է երիտասարդ ամուսինների համատեղ կյանք, քիթը խոթում նրանց երեխաների` իր թոռների դաստիարակության մեջ
Որպես ստաժավոր մայրիկ` ինձ համար նույնիսկ հաճելի կլինի, երբ սկեսուրս ինձ խորհուրդներ տա երեխայի խնամքի վերաբերյալ, օգնի ճիշտ խնամել ու մեծացնել նրան` դաստիարակելով որպես կիրթ ու հաստատված մարդ: Սակայն չարժե երեխային թույլ տալ անել մի բան, որ ձեր հարսը` որպես երեխայի մայր և , ի վերջո, օրինական ներկայացուցիչ, արգելել է, և հակառակը` արգելել մի բան, որը մայրը թույլ է տվել: Բնական է, որ հարսի մոտ որպես մայր և կին ինքնապաշտպանական ռեակցիան շատ ուժեղ կաշխատի: Ինչ վերաբերվում է հարսներին` չարժե արհամարհարել սկեսուրի` ստաժավոր մայրիկի անձնական փորձն ու խորհուրդները: Չեմ կարծում, որ թոռների համար նա լավագույնը չցանկանա:
4. Խոհանոցը կիսել երկու կանանց միջև անհնարին է
Նման կարծրատիպը հիմնականում ձևավորված է սկեսուրների մոտ: Նրանք իրենց <<սեփական տարածքում>> ցանկություն չեն ունենում տեսնել նոր <<վարպետների>>: Վերջիվերջո, նա այդ տարածքի տիրուհին և թագուհին է, ով իր դիրքերը այդպես հեշտությամբ չի զիջի: Բայց սրան էլ լուծում կա: Սկեսուրները հաստատ կցանկանան խոհանոցային որոշ գործեր զիջել հարսներին, չէ որ տարիներ շարունակ դրանք անելը իսկական գլխացավանք է եղել նրանց համար: Ուտեստների պատրաստումը և ընտանիքին կերակրելը ևս կարելի է կիսել` ըստ օրերի: Այս դեպքում կենցաղը չի խանգարի ընտանիքի անդորրությանը: Հաճախ բողոքներ են լինում կերակուրի համի վերաբերյալ` համեղ չէ, շատ աղի է, շատ քաղցր է, շատ կծու է կամ քիչ է: Սովորեցրեք միմյանց: Մարդիկ մինչև կյանքի վերջ դեռ սովորում են:
5. Բարոյականության վերաբերյալ կասկածները
Եթե չունեք ապացույցներ կամ էլ լուրջ հիմքեր հարսի բարոյականության վրա կասկածներ ունենալու, մի բարձրաձայնեք դրանք, նամանավանդ` օտարների ներկայությամբ:
Հուսով եմ` որոշակիորեն օգտակար եղա այս փոքրիկ խորհուրդներով:
Հ.Գ. Նաև հուսով եմ` ապագա սկեսուրիս հետ հրաշալի հարաբերություններ կունենամ: