armenia_600_vrez2

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ից հետո ստեղծված իրավիճակում, կամ ավելի ճիշտ կլինի ասել Հոկտեմբերի 10-ից հետո պարզապես հստակեցված և ըստ էության մինչև ուղն ու ծուծը պարզված իրավիճակում հնչում են, հնչել են և դեռ կհնչեն բազմաթիվ գնահատականներ, մեկնաբանություններ, սակայն բավական քիչ է խոսվում հնարավոր անելիքների մասին: Խոսակցությունների հիմնական մասը տեղավորվում է իշխանության հրաժարականի անհրաժեշտության մեջ:

Այսինքն` որպես իրավիճակը շտկելու առաջնային քայլ նշվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության փոփոխության անհրաժեշտությունը, երբ կգա լեգիտիմ իշխանություն և հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել Հայաստանը ծանրագույն փոսից հանելու համար: Սրա հետ վիճելը, մեղմ ասած, դժվար է: Այսինքն` այն, որ հրաժարականը և իշխանափոխությունը Հայաստանի անկախության, ինքնիշխանության հանձնման գործընթացը անդառնալի կետի չհասցնելու գործնականում առաջնային պայման է, կասկածից վեր է: Սակայն Հայաստանում կարծես թե քննարկումներ չկան հետագա քայլերի մասին: Այսինքն` ինչ պետք է անի երկիրը հետո, երբ լինի իշխանափոխությունը:

Ինքնին իշխանափոխությունը չի կարող լինել լիարժեք լուծում, ելք, այն պարզ պատճառով, որ աղետալի ընթացքն այլևս դուրս է եկել զուտ իշխանության որոշումների տիրույթից, այսինքն` Հայաստանի իշխանություններն, ըստ էության, այլևս չունեն իրավիճակի վրա ազդելու լծակներ, և Հայաստանը հանձնված է արտաքին կենտրոնների, առաջին հերթին Մոսկվայի իրավասությանը: Զուտ լեգիտիմ իշխանության գոյությունն ինքնին այս հարցի լուծում չէ, որովհետև Ռուսաստանը իր իրավասությունը Հայաստանի վրա չի հանձնի: Այսինքն` նոր իշխանությունը պետք է պարտավորություն ունենա անել քայլեր, եթե ենթադրենք, որ այդ նոր իշխանության ձևավորումն առաջիկայում իրատեսական է և հնարավոր է հասնել իշխանափոխության: Թեև բնական է, որ նաև այս հարցում Հայաստանի հասարակության դեմ արդեն ոչ թե Հայաստանի իշխանություններն են կանգնած, այլ Ռուսաստանը: Թեև ինչու արդեն, գրեթե միշտ՝ անկախությունից ի վեր:

Եվ ուրեմն` Հայաստանի նոր իշխանությունները պետք է անեն դժվարին քայլեր Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու համար: Այդ քայլերն անելու առաջնային գրավականն, իհարկե, լեգիտիմությունն է: Հասարակության կողմից ընդունված և ճանաչված իշխանությունը միայն կարող է կատարել ինքնուրույն քայլեր և ընդդիմանալ արտաքին պարտադրանքներին: Եվ այստեղ հարցն այն է, թե ինչին ենք մենք՝ որպես հասարակություն անհրաժեշտ համարում ընդդիմանալ: Այսինքն` Հայաստանի հասարակությունն ինչ պատվեր է տալու իր նոր իշխանություններին, այդ պատվերի որ մասն է լինելու զուտ սոցիալական բարեկեցությունը, որ մասն է լինելու իրավահավասարությունը, քաղաքական ինքնիշխանությունը և այլն: Այլ կերպ ասած` Հայաստանը, օրինակ, դո՞ւրս գալու է ԵՏՄ-ից, պե՞տք է Հայաստանի նոր իշխանությունը կայացնի այդպիսի որոշում, թե` ոչ: Հայաստանը վերադառնալո՞ւ է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցության: Պե՞տք է Հայաստանի իշխանությունը կայացնի այդ մասին որոշում, թե` ոչ: Հայաստանը վերանայելո՞ւ է իր անվտանգության հայեցակարգը, անվտանգության ռազմավարությունը, արտաքին քաղաքականության հայեցակարգը, թե` ոչ: Եվ այդպիսի բազմաթիվ հիմնարար հարցեր, որոնք ունեն հասարակական քննարկման կարիք:

Հասարակությունն այդ հարցերը պետք է քննարկի հենց այս պահից, ընդ որում` անկախ իշխանափոխության հեռանկարից: Ավելին, երբ հասարակությունը ինքն իր մեջ կգա այս հարցերի վերաբերյալ պատասխանների մասով որոշակի հարաբերակցության՝ կոնսենսուսի կամ դիրքորոշումների հստակեցման և հասարակական պատվերի միջավայրի առկայության, այդ հանգամանքը նույնիսկ կարող է լինել իշխանափոխությունը մոտեցնելուն նպաստող գործոն: Ընդ որում` արդեն հեռանկարային գործոն, քանի որ բացի իշխանության հեռացման խնդրից, ունի նաև նոր իշխանության ձևավորման հետ կապված որոշակի պատասխաններ: Ընդ որում` հանրային քննարկումների հարցում պետք է որոշիչ դեր չունենա և իշխանափոխության հեռանկարը, և նաև քաղաքական ուժերի ակտիվությունը կամ պասիվությունը:

Այսինքն` իհարկե, անկասկած է, որ ոչ միայն ցանկալի, այլ նույնիսկ պարտադիր է, որպեսզի Հայաստանում քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց մոտեցումները Հայաստանի անելիքների հարցում` թե կոնկրետ կարճաժամկետ իմաստով՝ իշխանության գալու դեպքում, և թե երկարաժամկետ հեռանկարների իմաստով: Սակայն, եթե նույնիսկ այս առումով գործող հիմնական ազդեցիկ քաղաքական ուժերի մոտ պահպանվում է քաղաքական մարտավարությամբ թելադրված իներտությունը՝ ոչինչ չեմ լսել, ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ ասի տարբերակով, ապա, միևնույն է, սա չպետք է խանգարի հասարակական ակտիվ շրջանակներին սկսել քննարկումները վերոնշյալ հարցերի շուրջ:

Սա չի նշանակում, որ պետության ներքին վիճակի բարեփոխման հետ կապված քննարկումները պետք է դադարեն: Ամենևին, այստեղ ևս կասկած չկա, որ առանցքային և նաև ելակետային են ներքին բարեփոխումները, այսինքն` ներքին կյանքում իշխանափոխությունից հետո անելիքները լիովին հասկանալի են, և այստեղ երևի թե այն տեղն է, որտեղ ամենից քիչ կարող են լինել անելիքների շուրջ բանավեճերը: Սակայն սա և վերը բերված հարցերը պետք է քննարկվեն միաժամանակ, քանի որ սերտորեն կապակցված են ոչ միայն ներսից դուրս, այլ նաև դրսից ներս ուղղությամբ:

Այս քննարկումներն այլընտրանք չունեն, և եթե դրանք չստանան աջակցություն քաղաքական ուժերի շրջանում, ապա միգուցե դրանց արդյունքում նաև տեղի ունենա քաղաքական այդ կազմի փոփոխություն և հասարակության քննարկումները իրենք բերեն քաղաքական նոր ուժի, որն առավել համապատասխան և արդյունավետ կերպով կսպասարկի հասարակական այն պատվերը, որը կձևավորվի հարցերի այդ շրջանակի քննարկումների արդյունքում: Այս ամենը բավական բազմաշերտ և ժամանակատար գործընթաց է ենթադրում, հետևաբար ժամանակ կորցնել պետք չէ, պետք է հասարակությունը հասցնի քննարկել երկիրը անդունդից հանելու բոլոր կարևոր և առանցքային հարցերն ու տարբերակները ավելի արագ, քան անդունդ գլորվելու արագությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել