Արցախի հերոս, 2012 թ. հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում նախագահի թեկնածու առաջադրված գեներալ Վիտալի Բալասանյանը այն կարծիքին չէ, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով Ադրբեջանը ոչ պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է պատերազմի, քանի որ այդ քայլն ուղղված է ավելի շատ ներքին սպառմանը։ 

«Մի՛ հա-վա- տա-ցեք էդ հեքիաթներին: Ադրբեջանը միշտ էլ պետք է իրա ազգը, ժողովուրդը դաստիարակի և իշխանություն պահեն: Ի՞նչ պատերազմի մասին է խոսքը: Էդ թուլի երեսից պիտի պատերա՞զմ սկսեն»,- Tert.am-ին ասաց Վիտալի Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանին, կարծես, նյարդայնացնում է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Հայաստանի, Սփյուռքի ու ԼՂ տարբեր հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական, մարզական և այլ շրջանակների կողմից հրապարակված կարծիքների առատությունը, քանի որ ասաց. «Արդուկն էլ միացնում ես՝ Սաֆարովից է խոսում, արհամարհե՛ք թող գնա, ինչ ա եղել: Մեր դեսպանությունները պետք է համարժեք արձագանք տան, ու եզրափակվենք, արհամարհենք ու էդ էջը լրիվ փակենք»։

Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում Ադրբեջանը վաղուց կհարձակվեր։ Ըստ Բալասանյանի՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ եթե այն ժամանակ, երբ Ղարաբաղը գտնվում էր ոչ թե սոսկ շրջափակման, այլ կրկնակի, եռակի, քառակի շրջափակման մեջ, Ադրբեջանը չի կարողացել պահել բալանսը, որի արդյունքում պետք է Ղարաբաղը հայաթափվեր։ Այնպես որ, գեներալը կոչ է անում մոռանալ, որ Ադրբեջանը կարողանա պատերազմական գործողություններ իրականացնել և դրա հետևանքում ունենալ ազատագրված Ղարաբաղ:

 Նյութը՝ Tert.am-ից



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել