Tert.am-ը գրում է․
Եռյակի ներկայացուցիչները միակարծիք են`իրենց կողմից առաջ քաշած 12 կետերին Կառավարությունը լուծում չի տվել՝ չնայած պաշտոնական արձագանքին: Tert.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թեև նշեց, որ Կառավարության պատասխանին չի ծանոթացել, բայց ավելացրեց, որ իրենք ունեն իրենց վերլուծությունը, ըստ որի՝ Կառավարությունն իրենց առաջ քաշած պահանջները չի կատարել։ «Մենք վերլուծել ենք և ունենք փաստաթուղթ կատարողականի վերաբերյալ. նշված կետերը չեն լուծվել»,- ասաց նա՝ մասնավորապես նկատի ունենալով Կառավարության պնդումները, թե կոնկրետ«կուտակայինի» և «կարմիր գծերի» խնդրին Կառավարությունը լուծում է տվել:
Ինչ վերաբերվում է Կառավարության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդդիմությանը լիազորություններ տալու պահանջին առնչվող պատասխանին, որ այս հարցերը պետք է քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցի շրջանակներում, որին պետք է մասնակցի նաև պահանջներն առաջ քաշած քառյակը, ապա Արամ Մանուկյանը պնդեց, որ իրենք ընդհանրապես որևէ բովանդակային քննարկման չեն մասնակցելու: «Եթե մի պրոցես մենք չենք ընդունում, ո՞նց կարող ենք այդ պրոցեսի բովանդակային քննարկմանը մասնակցել»,-հակադարձեց նա:
ՀԱԿ պատգամավորը կրկնեց, որ իրենք ունեն գրավոր եզրակացություն կատարողականի մասին, որն առաջիկայում նաև եռյակով կքննարկեն, Դաշնակցությունն էլ իր տարբերակը կասի և կամփոփեն հարցը համապետական հանրահավաքին: Իսկ Կառավարության պատասխանների հետ, ըստ նրա, իրենց վերլուծությունը համեմատելու կարիք չունեն.«Որովհետև մենք հստակ գիտենք՝ ինչ ենք պահանջելու, որքանով է կատարել»,- ասաց նա: Իսկ թե ըստ նույն վերլուծության՝ պահանջների քանի՞ տոկոսն է Կառավարությունը կատարել, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Տոկոս չենք հաշվել: Կատարածը չկատարածի չափ է»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ի հետ զրույցում կրկնեց, որ իրենց՝ 12 կետից բաղկացած պահանջները չեն բավարարվել: «Իսկ թե ինչ բացատրություն է տալիս Կառավարությունը, դա ես լսում եմ ամեն օր: Այդ իմաստով եմ ասում, կետ առ կետ բոլոր բացատրությունները մենք լսում ենք հանձնաժողովի նիստերին, լիագումար նիստերին, բնականաբար տեղյակ եմ, բայց դրանք չեն բավարարվել և, բնականաբար, դառնալու են հանրային պահանջի առարկա»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



