Panorama.am-ը գրում է․
Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգում հարցազրույց է վարել Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ՝ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ զեկույցը վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում ևԱդրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։
-Տիկին Նաղդալյան, նախօրեին ԵԽԽՎ քաղաքական կոմիտեում հաստատվեց, որ գրվելու է զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և նշանակվեց զեկուցող։ Այս պարագայում, ինչպիսին է լինելու ՀՀ պատվիրակության մասնակցությունը զեկույցի պատրաստմանը։
-Ինչպես գիտեք այդ զեկույցի առաջարկն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկվում էր, և մենք այդ զեկույցի անհրաժեշտության խնդիրը վիճարկել ենք լիագումար նիստում, որից հետո նաև, ըստ կանոնադրության, վիճարկեցինք քաղաքական կոմիտեում: Այս քայլի իմաստը կայանում էր նրանում, որ քաղաքական կոմիտեի անդամներին, նրանց, ովքեր պետք է մասնակցեն զեկույցի պատրաստմանը, ընդունմանը առավել մանրամասն և փաստարկված ներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչու մենք կողմնակից չենք նման զեկույցի պատրաստմանը:
Հայտնեցինք, որ սա փորձ է Ադրբեջանի կողմից խանգարել Մինսկի խմբի գործընթացին, քանի որ Ադրբեջանը ներկայացրած բանաձևերի հիմքում դրել է այն, թե Մինսկի խումբը առաջընթաց չի արձանագրում: Մենք ներկայացրեցինք այն գործընթացները, որ ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում, այդ թվում նախագահների հանդիպումները, և հոկտեմբերին սպասվող ևս մեկ հանդիպումը, և այն, որ Մինսկի խումբը միակ միջազգայնորեն ընդունված, խնդրով զբաղվելու համար լիազորված մարմինն է: Անգամ ԵԱՀԿ -ն, որն ունի խորհրդարանական վեհաժողով, նման զեկույց չի ներառում իր օրակարգում: Ադրբեջանն էլ, որքան և դժգոհում է, ընդունում է Մինսկի խմբին` որպես միակ մասնագիտացված կառույց այս կարգավորման գործընթացում:
Իհարկե, մենք պատրանքներ չունեինք հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ, հատկապես, քանի որ երկուշաբթի Վեհաժողովում կայացած քվեարկությունը նախապես տեսանելի էր դարձրել հանձաժողովի նիստում քննարկման արդյունքը: Հատկապես, որ ԵԽԽՎ-ում չգրված օրենք կա, որ Բյուրոյի որոշումների վիճարկումը գրեթե միշտ չի ընդունվում:
Հանձնաժողովում քննարկման մեր նպատակն էր ներկայացնել մեր դիրքորոշումը և մենք հույսեր չեինք փայփայում, որ կլինեն ինչ-որ փոփոխություններ: Մենք հայտարարեցինք, որ նման թեմայի առնչվելը համարում ենք վնասակար, վտանգավոր, որը կարող է տարածաշրջանում փխրուն կայունությանը սպառնալ: Ուստի մենք չենք համարում, որ անհրաժեշտ է այդ աշխատանքը ձեռնարկել և մենք չենք մասնակցելու ու չենք համագործակցելու հանձնաժողովի հետ զեկույցի պատրաստման գործընթացին:
-Այսինքն` ՀՀ պատվիրակությունը բոյկոտո՞ւմ է ԼՂ վերաբերյալ զեկույցի պատրաստման գործընթացը։
- Բոյկոտը քաղաքական աշխատանքի ձևէ և տվյալ պարագայում, քանի որ խնդիրը վերաբերում է չափազանց զգայուն թեմայի, համարում ենք, որ պետք է շատ կտրուկ գնահատենք այս նկռտումները և շատ հստակ ու ամենախիստ ձևով պետք է ասենք նման նկռտումների, նախաձեռնությունների անընդունելիության մասին: Ուստի և ընտրվեց այս տարբերակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



